Ամերիկյան բանակն արգելել է իր զինծառայողներին օգտագործել TikTok հավելվածը, որն ԱՄՆ-ի իշխանությունների կողմից կասկածվում է օգտատերերի տվյալները գողանալու մեջ, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Military.com-ին:

«TikTok հավելվածը համարվում է անվտանգության սպառնալիք: Մենք թույլ չենք տալիս օգտվել դրանից ծառայողական հեռախոսների միջոցով»,-տեղեկատվության ռեսուրսը մեջբերում է ամերիկյան ԶՈՒ ներկայացուցիչ Ռոբին Օչոյի խոսքերը: Որոշումը կայացվել էր դեկտեմբերի 16-ին այս սոցցանցի վտանգի վերաբերյալ ԱՄՆ-ի Պաշտպանության նախարարության տարածած նախազգուշացման հիման վրա: Օչոյի խոսքով՝ զինծառայողները կարող են շարունակել օգտվել հավելվածից անձնական բջջային սարքերով, սակայն այդ դեպքում եւս բանակը խորհուրդ է տալիս զգուշանալ տեղեկատվության արտահոսքից:

TikTok-ը չինական սոցիալական ցանց է, որի օգտատերերը կարող են ստեղծել եւ դիտել կարճ ժամանցային տեսահոլովակներ: CNN հեռուստաալիքի հաղորդմամբ՝ ԱՄՆ-ի իշխանությունները կասկածում են, որ ՉԺՀ-ի իշխանությունները կարող են ստիպել TikTok-ին համագործակցել չինական հետախուզության հետ: Ի պատասխան այդ մեղադրանքներին՝ սոցցանցի ղեկավարությունը առարկում է, որ դրա ամերիկացի օգտատերերի տվյալները պահվում են ԱՄՆ-ում եւ դրանց բացահայտումը կարգավորվում է չինական օրենսդրությամբ:

Ավելի վաղ TikTok-ը համաձայնվել էր ԱՄՆ-ին վճարել 5.7 մլն դոլարի չափով տուգանք 13 տարեկանից ցածր օգտատերերի մասին տեղեկատվությունն ապօրինի կերպով հավաքագրելու մասին գործը կարճելու համար, ինչն իբր կատարվում էր հավելվածի կողմից: