Իսրայելի արդարադատության բարձրագույն դատարանը հետաձգել է երկրի վարչապետ Բենյամին Նեթանյահուին կոալիցիա ձեւավորելու իրավունքից զրկելու մասին հայցի վերաբերյալ որոշումն անժամկետ ժամանակով: 67 հայցվոր ստորագրահավաք է անցկացրել 2020 թվականի մարտի 2-ին կայանալիք ընտրությունների արդյունքով վարչապետին կառավարական կոալիցիա ձեւավորելու իրավունքից զրկելու համար: Այս մասին հայտնել է իսրայելական Kan ռադիոն, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Նոյեմբերին Իսրայելի գլխավոր դատախազ Ավիխայ Մանդելբլիտը հայտարարել է, որ որոշում է ընդունել Նեթանյահուին մեղադրանք առաջադրելու մասին: Նրան մեղադրում են կաշառակերության, խարդախության եւ հանրության վստահությունը չարաշահելու մեջ: 1993 թվականի դատարանի որոշումը ենթադրում է նախարարների հեռացում, որոնց մեղադրանքներ են առաջադրվել քրեական գործերով, սակայն այդ պահանջը չի տարածվում կառավարության ղեկավարի վրա, որն իրավունք ունի մնալ իր պաշտոնին մինչ դատարանի կողմից մեղավոր ճանաչվելը:
«Կան մարդիկ, որոնք փորձում են Իսրայելի արդարադատության բարձրագույն դատարանին ներքաշել քաղաքական հարթակ, որպեսզի լուծարի իմ թեկնածությունը կառավարության ղեկավարի պաշտոնին: Չեմ կարող նույնիսկ ենթադրել, որ դատարանն ընկել է այդ ծուղակը: Ժողովրդավարության դեպքում միայն ժողովուրդն է որոշում՝ թե ով պետք է ղեկավարի ժողովրդին: Այդպես եղել է միշտ եւ կլինի միշտ»,- Facebook-ի իր էջում գրել է Նեթանյահուն:
Քնեսեթը (Իսրայելի խորհրդարանը) դեկտեմբերի 12-ին հաստատել է 2020 թվականի մարտի 2-ին երկրորդ կրկնակի եւ 11 ամսում երրորդ խորհրդարանական ընտրությունների անցկացման մասին օրենքը: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Նեթանյահուն եւ նրա գլխավոր մրցակիցը՝ «Կախոլ-Լավան» բլոկի առաջնորդ Բենի Գանցը, սեպտեմբերի 17-ին տեղի ունեցած ընտրությունների արդյունքով չի կարողացել կառավարություն ձեւավորել յուրաքանչյուրին տրված 28 օրվա ընթացքում: Ապրիլի 9-ի ընտրությունների արդյունքով Նեթանյահուն եւս չի կարողացել կոալիցիա ձեւավորել, որից հետո վարչապետի «Լիկուդ» կուսակցությունը մայիսի վերջին ներկայացրել է 21-րդ գումարման Քնեսեթի ինքնալուծարման ու երկրի պատմության մեջ առաջին անգամ կրկնակի ընտրությունների անցկացման մասին օրենքը:





























