Եթե որեւէ մեկը տնեսական հեղափոխության ձեւակերպում տա, ես կասեմ` 2019-ին եղել է, թե` ոչ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը` ամփոփելով 2019-ի տնտեսական տարին:
«Ես իմ սեփական ձեւակերպումը ունեմ. ոչ թե հեղափոխություն, այլ ճեղքում, որը պետք է ապահովենք: Դա նշանակում է, որ այլ հավասար պայմաններում մեր դասի երկրների շարքում մենք պետք է ավելի արագ աճենք ու զարգանանք, եւ դա պետք է լինի ոչ թե մեկ տարվա ընթացքում, այլ պետք է լինի պերմանենտ»,-ասաց նա:
Խոսելով խնդիրների մասին` նա առաջնային համարեց հարկաբյուջետային քաղաքականության ծախսողական քաղաքականությունը: «40 միլիարդ ծրագրի պայմաններում շուրջ կեսը թերակատարելը լուրջ վտանգ է ապագա տարիների տնտեսական պոտեցնյալի մասով: Կապիտալ ծախսերը ենթակառուցվածքներում անուղղակի կերպով նաեւ ազդում են մասնավոր ներդրումների վրա: Հետեւաբար 2019-ի այս խիստ պահպանող ծախսողական քաղաքականությունը որոշակիորեն ազդեց մասնավոր ներդրումների վրա: Հիմա ինչպիսի պատկեր ունենք. հարկաբյուջետային քաղաքականությունը ծախսող չէր, թերակատարումների բեռը ընկավ կապիտալ ծախսերի վրա, մասնավոր ներդրումները տարվա ընթացքում նվազեցին, հետեւաբար կառավարությունը 2020-ի համար լուրջ մտահոգվելու տեղ ունի ի դեմս նրա, թե ինչպես պետք է ամրացնի տնտեսական աճի պոտենցյալը»,-ասաց նա:
Երկրորդ խնդիրը Վարդան Արամյանը այն համարեց, որ հիմնականում երկու տեսակի վարկերն են աճում` սպառողական եւ հիպոտեկային: «Ընդհանուր մակրոտնտեսական քաղաքականության տեսանկյունից այստեղ վտանգ կա, եւ 2020-ին պետք է ուշադիր լինել: Հաջորդ խնդիրը, որը կառավարությունը պետք է ճշգրտի եւ ուշադրություն դարձնի, գնումներն են: Իհարկե կոռուպցիայի դեմ պայքար կա, բայց դա պատմության մի մասն է, որովհետեւ հնարավոր չէ՝ քո էական թերակատարումները պայմանավորված լինեն կոռուպցիոն գործոններով»,-ասաց նա:
Վարդան Արամյանը նկատեց, որ գնումների մեջ աճում է նաեւ մեկ անձից գնումների կշիռը, ինչը պետք է մտահոգի կառավարությանը: Հարցին, թե այդտե՞ղ էլ կոռուպցիայի աղբյուր տեսնում, նա ասաց, որ սովորաբար գնումներում միշտ էլ կա կոռուպցիոն ռիսկի դրսեւորման վտանգ: «Բացի այդ, եթե քեզ մոտ դինամիկայի տեսանկյունից շատ արագ են աճում մեկ անձից գնումները, հետեւաբար ինչ-որ մի բան այն չէ, եւ այստեղ կառավարությունը մտահոգվելու տեղ ունի, հասարակությունն էլ պետք է պահանջատեր լինի, որպեսզի կառավարությունը սպառիչ մեկնաբանություններ տա: Կառավարությունը պետք է բացատրի եւ մեկնաբանի, թե ինչու ոչ մրցակցային մեկ անձից գնումները 7 միլիարդից դարձան 20 միլիարդից ավելի: Կառավարությունը պետք է մտահոգվի եւ յուրաքանչյուր գնման հետեւից գնա»,-ասաց նա:
Ֆինանսների նախկին նախարարը նկատեց, որ թեեւ 2019-ին հարկերի հավաքելիության առումով դրական պատկեր ունենք, սակայն խնդիրը կայանում է մյուս տարվա մեջ, եւ այստեղ կառավարությունը պետք է մտահոգվի: Նա նշեց, որ հարկաբյուջետային քաղաքականությունը մակրոտնտեսական մակարդակում պետք է լինի խելամիտ, ինչը նշանակում է, որ անընդհատ պետք է նպաստի տնտեսական աճին եւ հետագայում լրացուցիչ տնեսական աճից հարկերը հավաքի, կարողանա իր ընթացիկ ծախսերը հոգա:
«Ընթացիկ ծախսերը տարբեր նկատառումից ելնելով շատ արագ աճելու հակում ունեն, այդ թվում նաեւ պոպուլյար դրսեւորվելու տեսանկյունից, քանի որ ցանկացած կառավարության մոտ գայթակղությունը շատ մեծ է հանրության աչքերում պոպուլյար երեւալ, իսկ դրա լավագույն ձեւը ընթացիկ ծախսերն ավելացնելն է` թոշակներ, աշխատավարձեր եւ այլն, ինչը իհարկե շատ լավ է: Բայց երբ գալիս ենք եւ բախվում տնտեսագիտական կատեգորիաների հետ, ապա կարեւոր է դրանց պերմանենտ լինելը, քանի որ անարդար կլինի՝ բոլորս խոստանանք ժողովրդին, որ աշխատավարձերը բարձրացնում ենք 10 կամ 20 տոկոսով բայց մի տարի գա եւ տեսնենք, որ տնտեսությունը այդ ներուժը չունի, իսկ որեւէ երկրի կառավարության տնտեսություն թոշակ չի իջեցնելու»,-ասաց նա:
Հարցին, թե արդյո՞ք այս կառավարությունը պոպուլիզմի հետեւից գնում է, նա ասաց.«Ես ռիսկեր ամեն դեպքում տեսնում եմ: Եթե կապիտալ ծախսերը 2019-ին էապես թերակատարել են, եթե մասնավոր ներդրումները նվազել են, դա նշանակում է, որ հաջորդ տարվա ընթացքում պետք է մտածենք՝ որոնք են այն գործոնները, որոնք տնտեսական ուժին օգնելու են: 2019-ի տնտեսական աճի բնույթը սպառման վրա հիմնված տնտեսական աճ էր, սա նշանակում է, որ առաջարկով մղվող տնտեսական աճ ունենալու համար պետք են ներդրումներ, պետք է արտադրողականությունը անընդհատ աճի: Ներդրումների մասով մտահոգվելու տեղիք կա, իրականում այդտեղ խնդիր կա, եւ այդ խնդիրը գալիս է բյուջեի ծախսողական քաղաքականությունից եւ մակրոտնտեսական իրավիճակից»,-ասաց նա:
Տնտեսագետը նշեց, որ 2020-ին չի լինելու երեք գործոն, որոնք կային 2019-ին: Առաջինը` ավտոմեքենաների ներմուծումից հավաքագրվող հարկերն են, որոնք մյուս տարի չեն լինելու, երկրորդ` մեկնարկում է Հարկային նոր օրենսգիրքը, որով այդքան հարկ չի հավաքվելու, եւ երրորդը վարչարարության սահմանափակվածությունն է լինելու:
«Եթե գործոններին էլ ավելացնենք հարկաբյուջետային քաղաքականության ոչ ծախսողական բնույթը, կառավարության ոչ ծախսողական քաղաքականությունը, եւ, եթե իմ թվարկած ռիսկերը նյութականացվեն, ապա նշանակում է, որ կառավարությունը հետագա ընթացիկ ծախսերի ֆինանսավորման համար դժվարություններ է ունենալու, հեռատեսությունը եւ քայլերի հաջորդականությունը խիստ կարեւոր են»,-ասաց նա:
Անդրադառնալով ձեռքբերումներին՝ Վարդան Արամյանը դրական համարեց տնտեսական աճի մակարդակը, որը տարածաշրջանում, ԵԱՏՄ երկրների շարքում ամենաբարձրն է: Երկրորդ դրական գործոնը նախկին նախարարը պետական պարտքի թողարկումը համարեց: «Այս գործընթացի վրա ֆինանսների նախարարությունը աշխատում էր 2016-ից եւ 2019-ի սեպտեմբերին առկա պայմանները բավականին լավ էին: Երրորդ ձեռքբերումը հարկային օրենսգրքի ընդունումն էր, որի աշխատանքները եւս տարվում էին սկսած 2016-2017-ից, թեեւ եկամտային հարկի մասով դեռեւս անելիքներ կան»,-ասաց նա: Արամյանը նաեւ ձեռքբերում համարեց, որ հարկային հավաքելիությունը 2019-ին հաջող էր, ինչին արձագանքեցին միջազգային վարկանշող կազմակերպությունները:





























