Վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ տիկին Աննա Հակոբյանը Ա. Սպենդիարյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում ներկա են գտնվել Ամանորյա համերգի:   «Ամանորյա Տոնական Համերգ 2020» ծրագրի շրջանակում ելույթ է ունեցել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ, ինչպես նաեւ հատուկ հրավիրված հյուրեր:

Համերգային ծրագիրը կազմակերպվել է Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության կողմից: 

Այս առնչությամբ, Փաշինյանը facebook-ի իր էջում գրել է. «Այսօր Հայաստանի Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ մշակութային մինի հեղափոխություն:

Սրանից հետո՝ խնդրում եմ այլեւս չասեք, թե Հայաստանում արվեստը պահանջարկ չունի:

Որ մշակույթը խեղճ է ու անօգնական:

Որ Հայաստանում համերգի ու մշակութային միջոցառման տոմս չի վաճառվում:

Պարզապես, մեզ պետք է արվեստի ժամանակակից ընկալում եւ կազմակերպում:

Պարզապես մշակութային միջոցառումը պետք է կազմակերպել ճիշտ պահի, ճիշտ տեղում, ճիշտ օրակարգով, ճիշտ ընթացքով ու հայեցակարգով:

Մշակութային կազմակերպությունների աշխատանքն այսուհետ գնահատվելու է ըստ այսմ։ Եւ վերջ»։