Միացյալ Նահանգները կուղարկեն շուրջ 750 զինվոր դեպի Մերձավոր Արեւելք՝ ի պատասխան Բաղդադում ԱՄՆ-ի դեսպանատան հարեւանությամբ տեղի ունեցած անկարգությունների, հայտարարել է պաշտպանության նախարար Մարկ Էսփերը, հաղորդում է Reuters-ը:
Նա հայտնել է, որ կարգադրել է այնտեղ տեղակայել Արագ արձագանքման ուժերի 82-րդ դեսանտային դիվիզիայի հետևակային գումարտակը:
Դեկտեմբերի 31-ի ցերեկը դեսպանատան հարեւանությամբ տեղի է ունեցել բողոքի ակցիա շիիթական խմբավորումներից մեկի ճամբարի վրա ԱՄՆ-ի Ռազմաօդային ուժերի հարձակման պատճառով, որի հետեւանքով զոհվել է 25 մարդ: Ցուցարարները ներխուժել են դեսպանատան տարածք՝ կազմակերպելով այնտեղ հրդեհ: Հունվարի 1-ին բողոքի ակցիան կրկնվել է. ցուցարարներին ցրել են արցունքաբեր գազի միջոցով:
ԱՄՆ-ի Պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ Բաղդադում իրադարձությունների պատճառով ստիպված է հետաձգել իր այցը Բելառուս, Ղազախստան, Ուզբեկստան, ինչպես նաեւ Ուկրաինա եւ Կիպրոս: Դիվանագետի խոսքով՝ ամերիկյան դեսպանատան վրա հարձակումը կազմակերպել են Իրանի իշխանությունները:





























