Կալիֆոռնիայի մեծությամբ երկրորդ գագաթին այս աշնանը զբոսաշրջիկների գտած աճյունը, ինչպես պարզվել է նախօրեին, պատկանում է ճապոնացի նկարչին, որը լքել է ինտերնացիոնալների «Մանսանար» ճամբարը, որպեսզի լեռներում նկարի Երկրորդ համաշխարհային պատերազմի վերջին օրերը։

ԴՆԹ-ի անալիզը պարզել է, որ մարմնի մնացորդները Ջիչի Մացումուրայինն են։ Նա անհետացել էր 1945թ․։

Մացումուրան եղել է արեւմտյան 10 ճամբարներում մահացած 1800 կալանավորներից մեկը։

Թեեւ նրա մասին քիչ բան էր հայտնի, նրա պատմությունն իր հանդեպ ուշադրություն գրավեց, երբ 2012թ․ ցուցադրվեց «Մանսանար ձկնորսական ակումբը» փաստագրական ֆիլմը։ Ռեժիսոր Կորի Սիոձակին այնտեղ պատմում է ճամբարից փախած անվախ կալանավորների մասին։

Երկրորդ համաշխարհային պատերազմի վերջին տարում պահապան աշտարակներում զինված զինվորներ չկային, եւ մարդիկ կարող էին հանգիստ լքել ճամբարը։ Երբ ձկնորսների խումբը որոշել է գնալ արշավի, Մացումուրան նրանց հետ է գնացել։

Սիոձակիի խոսքերով, ձկնորսների ղեկավարը չի ուզեցել, որ 46-ամյա Մացումուրան միանա իրենց, քանի որ նա մեծ էր եւ ֆիզիկապես թույլ, սակայն վերջիվերջո զիջել է։ Խումբը 1945թ․ հուլիսի 29-ին ուղեւորվել է Սիերա Նեւադա։

Արշավի ժամանակ մի պահ Մացումուրան կանգ է առել, որպեսզի նկարի, ու ասել է, թե կհասնի նրանց։ Հանկարծ փոթորիկ է բարձրացել, եւ ձկնորսները թաքնվել են քարանձավում։

Երբ եղանակը պարզվել է, նրանք փորձել են գտնել Մացումուրային։ Նրա քայքայվող աճյունը գտնվել է մեկ ամիս անց։ Նրան հուղարկավորել են լեռան ստորոտին։