Շիրակի մարզի գյուղերում անօթեւան բնակիչների հետ պետական բնակարանաշինությանը սպասում են նաեւ գյուղապետերը: «Տարիներ շարունակ մեր համայնքի անօթեւանների հետ սպասել եմ, թե երբ են պետական այրերի խոստումները կյանքի կոչվելու, որպեսզի ես էլ տնակից դուրս գամ»,-ասել է Շիրակի մարզի Շիրակ համայնքի ղեկավար Խորեն Հարությունյանը, ով համայնքի 60 անօթեւան ընտանիքների նման ապրում է տնակում: Թե երբ կմեկնարկի պետական բնակարանաշինությունը Շիրակ գյուղում, համայնքի բնակիչների պես տեղյակ չէ նաեւ համայնքի ղեկավարը:
Պետական բնակարանաշինությունից Շիրակ գյուղում օգտվելու է 45 ընտանիք, սակայն ավելի քան 80 տնակ կա համայնքի «Ֆրանսիական» թաղամասում: Նրանցից 45-ին են գրանցել, իսկ մյուսներին մերժել են, թեեւ նրանք նույնպես բնակարան են կորցրել:
Նշենք, որ համայնքի «Ֆրանսիական» կոչվող թաղամասում տեղադրված շուրջ 80 տնակները համայնքի բնակիչներին նվիրատվություն են արել ֆրանսիացիները, 1988-ի աղետից հետո: Դա էլ հիմք էր հանդիսացել, որպեսզի քաղաքաշինության նախարարությունը վերջիններիս զրկեր անօթեւանի կարգավիճակից: Շիրակցիների բազմաթիվ նամակներից հետո նրանցից 45-ին գրանցել են`որպես անօթեւան:





























