2019 թվականի բյուջեի եկամուտները ճշգրտված ցուցանիշի նկատմամբ թերակատարվել է, սակայն գերակատարվել է նախնական ցուցանիշի նկատմամբ: Այս մասին, այսօր՝ հունվարի 13-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:

ՊԵԿ նախագահը բացատրեց, թե խոսքն ինչի մասին է. «Երբ տարվա ընթացքում ասում ենք, որ բյուջեի եկամուտները գերակատարվելու հստակ ազդակներ կան, կառավարությունը որոշում է փոփոխել իր ծրագրային ցուցանիշը՝ իր որոշումներով: Մոտ 80-85 մլրդ դրամով վերանայվել է եկամուտների պլանը:

Այսպիսի մի սցենար, ԱԺ-ում կառավարությունը ենթադրենք հայտարարելու է, որ եկամուտների կատարման ճշտված պլանի առումով փաստացի կատարողականը 98 տոկոս է, ծախսերի փաստացի պլանը 90 տոկոս է, որի արդյունքում չկա որեւէ ծախս, որ կատարված չլինի միջոցների բացակայության պատճառով: Հետեւաբար, կարեւոր չի՝ մենք 100 տոկոսով կատարեցինք, թե 120 տոկոսով, կարեւորն այն է, որ կառավարությունն ինքն է իր կամքով ստանձնել որոշակի ծախսեր կատարելու պարտավորություն:

Մենք ստանձնել ենք 56 մլրդ հին պարտք վերադարձնելու պարտականություն, որը մեր ցուցանիշը 43 մլրդ դրամով նվազեցրել է: Եթե այդ 43 մլրդ դրամը հաշվի չառնենք, մենք ցանկացած ճշտված ցուցանիշ գերակատարել ենք:

Հիմա մենք պետք է հասարակության հետ գանք հայտարարի՝ կարեւորն այն է, որ հպարտ կեցվածք ընդունենք ու հայտարարենք, որ մեր կատարողականը եղել է 104 մլրդ դրա՞մ, թե՞ իրական տնտեսությանը վերադարձնենք թիվ, որը վերարտադրություն կսկսի, կապիտալ ծախսեր կանի եւ այլն»,-ասաց Անանյանը: Նա հավելեց. «Եթե դուք համեմատություն անեք ոչ թե 1, 507 տրլն դրամի հետ, այլ 1,464 տրլն դրամի հետ ու ասեք, որ թերակատարել ենք եկամուտները, ես մեծ հաճույքով կհամաձայնեմ ձեզ հետ, որովհետեւ ավելի լավ է «թերակատարում» ունենանք, բայց տնտեսությանն իրական օգուտ տանք»: