ԵԽԽՎ-ի Մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցով համազեկուցողներ Ջոն Պրեսկոտը եւ Ակսել ֆիշերը հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ Հայաստանի իշխանություններին կոչ են անում իրականացնել բարեփոխումները ծրագրերը` մտահոգություն հայտնելով, որ հակառակ դեպքում «իրավիճակը կարող է հանգեցնել սոցիալական խռովությունների»: Նրանք, ողջունելով ոստիկանության, արդարադատության եւ ընտրական համակարգերում բարեփոխումների Հայաստանի իշխանությունների բազմաթիվ նախաձեռնությունները, հայտարարել են, որ եկել է «նախաձեռնությունները գործողությունների վերածելու ժամանակը»: Հայտարարությունը տեղադրված է ԵԽԽՎ պաշտոնական կայքում:
Համանախագահներն նշել են, որ միայն օրենսդրական փոփոխությունները բավարար չեն. «դրանք պետք է ուղեկցվեն գործող պրակտիկան եւ մտածելակերպը փոխելուն ուղղված քաղաքականությամբ»:
Նրանք անդրադարձել են նաեւ 2008-ի մարտիմեկյան իրադարձություններին, նշելով, որ 2008-ի մարտիմեկյան դեպքերում դերակատարություն ունենալու համար որոշ մարդկանց դեռ անազատության մեջ պահելը եւ 10 անձանց մահվան հանգամանքների ոչ բավարար հետաքննությունը «շարունակում են թունավորել Հայաստանում քաղաքական միջավայրը» եւ կարող են «բացասական ազդեցություն ունենան հաջորդ տարի կայանալիք ընտրությունների վրա»:
Արձանագրելով, որ Գլխավոր դատախազությունն ու Հատուկ քննչական ծառայությունը չեն կարողացել հայտնաբերել 10 զոհերի մահվան համար պատասխանատու որեւէ անձի` այն հիմնավորմամբ, որ բացահայտումն անհնար է ծանրակշիռ ապացույցների բացակայության պայմաններում` համազեկուցողներն ընդգծել են. «Սպանությունների հանգամանքների պատշաճ հետաքննության` Վեհաժողովի կոչը չի վերաբերում միայն 10 զոհերի մահվան համար պատասխանատու անձանց նույնականացմանը: Հավասար կարեւորություն ունի նաեւ բացահայտելը, թե մահվան այս դեպքերը ինչպես կարող էին տեղի ունենալ հանրահավաքի ընթացքում: Կարեւոր է պարզել հրաման տվողներին եւ ներկայացնել, թե ինչ միջոցներ պետք է ձեռնարկվեն` հետագա ցույցերի եւ խռովությունների ժամանակ նմանատիպ իրավիճակներից խուսափելու համար»:
Ըստ համազեկուցողների եզրակացության` այն, որ «Գլխավոր դատախազությունը չի կարողանում պարզել որեւէ մեկի անհատական պատասխանատվությունը, պատշաճ քննություն չիրականացնելու հիմնավոր փաստարկ չէ»:
Հայտարարության մեջ մատնանշվում է, որ բարեփոխումների հետ կապված ներկայիս իրավիճակը` զուգորդված քաղաքական բեւեռացմամբ, եւ սոցիակալան ու տնտեսական միջավայրի վատթարացումը «կարող են հանգեցնել սոցիալական խռովության վերսկսմանը, եթե իրավիճակը չկարգավորվի եւ տեղի չունենան թափանցիկ ժողովրդավարական ընտրություններ»:
«Համազեկուցողները նախատեսում են Հայաստանի ժողովրդավարական հաստատությունների վերաբերյալ զեկույց պատրաստել` ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում ներկայացնելու համար»,- նշված է հայտարարության մեջ, հաղորդում է «Ազատությունը»:





























