Քաղաքական  մի շարք ուժերի կողմից արված այն հայտարարությունը, թե Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի՝ մարտի 1-ի դեպքերի բացահայտմանը նոր իմպուլս հաղորդելու պահանջը Հայ ազգային  կոնգրեսի ներկայացրած վերջնագրերից է, ուղղակի անհիմն է։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

Նրա խոսքով, այդ հանցագործության բացահայտման մեջ շահագրգիռ են իրենք՝ իշխանությունները, ինչի մասին վկայում է մարտի 1-ի իրադարձություններն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի ստեղծումը։

«Այդ հարցերը եղել եւ մնում են Հայաստանի քաղաքական օրակարգում, բոլորը եւ առաջին հերթին իշխանություններն են շահագրգռված դրանց բացահայտման գործում։ Հենց դրանով է բացատրվում Սերժ Սարգսյանի այդ հայտարարությունը»,- նշեց Զոհրաբյանը։

Նշենք, որ նախօրեին տեղի ունեցած դատաիրավական համակարգի բարեփոխումների հարցերով խորհրդակցության ժամանակ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր 2008 թվականի մարտի 1ժի իրադարձությունների բացահայտման գործընթացին նոր իմպուլս եւ ակտիվացում հաղորդելու անհրաժեշտության մասին։