Հատուկ քննչական ծառայությունում տեղի է ունեցել օպերատիվ խորհրդակցություն, որի ընթացքում հանձնարարականներ են տրվել մարտի 1-ի հանցագործությունների կապակցությամբ:
Հատուկ քննչական ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ՀՔԾ-ում շարունակվում է 2008թ. մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երեւան քաղաքում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների ընթացքում կատարված հանցագործությունների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
«Այդ կապակցությամբ, ի լրումն նախկինում բազմիցս արված հայտարարությունների, ՀՀ հատուկ քննչական ծառայությունը, ակնկալելով հասարակության աջակցությունը, կրկին խնդրում է բոլոր նրանց, ով կարող է տեղեկատվություն տրամադրել 2008թ. մարտի 1-ին եւ 2-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների ընթացքում տեղի ունեցած հանցագործությունների դեպքերի, հատկապես տասն անձանց մահվան հանգամանքների բացահայտման վերաբերյալ, դիմել ՀՀ հատուկ քննչական ծառայության քննչական խմբին 511-612 հեռախոսահամարով կամ ներկայանալ ՀՀ հատուկ քննչական ծառայություն` քաղ. Երեւան, Վ.Սարգսյան 5»,- ասված է հայտարարության մեջ:
Հատուկ քննչական ծառայությունը անհրաժեշտության դեպքում` երաշխավորում է գաղտնիության ապահովումը:
Նշենք, որ նախօրեին տեղի ունեցած դատաիրավական համակարգի բարեփոխումների հարցերով խորհրդակցության ժամանակ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների բացահայտման գործընթացին նոր իմպուլս եւ ակտիվացում հաղորդելու անհրաժեշտության մասին։





























