Արաբական Միացյալ Էմիրություններն ուժեղացրել են կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումները՝ փակելով հասարակական վայրերը եւ իրավական հետեւանքների սպառնալիքներով կոչ անելով բնակիչներին մնալ տանը, հայտնում է CNBC-ն։

Ազգային եւ միջազգային մարմինների սկզբունքներին համապատասխան ինքնամեկուսացման կանոնները կորոնավիրուսի տարածումը զսպելու երկրի վերջին ջանքերն են։ ԱՄԷ-ում 153 վարակված կա, որոնցից 38-ն առողջացել է, 2-ը՝ մահացել է։

ԱՄԷ-ի կառավարությունը կոչ է արել բնակիչներին մնալ տանը եւ դուրս գալ միայն մթերքներ եւ դեղորայք գնելու կամ աշխատանքի գնալու խիստ անհրաժեշտության դեպքում։

Դուբայի ոստիկանությունը ձերբակալել է Եվրոպայի քաղաքացու, որը իր Instagram-ում տեղադրել է տեսանյութ, որտեղ ինքը վերջերս փակված լողափին ծաղրում է նոր կանոնները։ Այդ մարդը նկարահանել է ջրի մեջ այլ մարդկանց եւ գովել նրանց այն բանի համար, որ նրանք լողափ են գնում՝ չնայած արգելքներին։

ԱՄԷ-ում փակ են բոլոր լողափերը, սպորտային դահլիճները, այգիները, կինոթատրոնները, առեւտրի կենտրոնները, բարերը, ուխտավայրերը, բազմաթիվ ռեստորանները եւ այլ հասարակական վայրեր։

Մարտի 25-ից երկու շաբաթով կդադարեցվեն նաեւ երկիր եւ երկրից ուղեւորությունները։