Մյունխենում կորոնավիրուսի տարածման մտադրության կասկածով կալանավորվել է 33-ամյա տղամարդ։ Ենթադրյալ չարագործը մետրոյում լիզել է տոմսերի վաճառքի ավտոմատները, կայարանների բազրիքները՝ հայտարարելով, թե ինքը վարակված է կորոնավիրուսով, հայտնել է մյունխենյան ոստիկանությունը։
Իր գործողությունները կալանավորվածը նկարահանել, այնուհետեւ տարածել է սոցցանցերում։ Բացի այդ, նա հաստատել է, որ վարակված է SARS-CoV-2 կորոնավիրուսով, հայտնում է DW-ն։
Կալանավորվածի անձը պարզվել է բողոքի հիման վրա։ Նրա հանդեպ հետաքննություն է տարվում՝ առողջությանը վտանգավոր վնաս հասցնելու կասկածանքով։ Ներկայում պարզվում է, թե արդյո՞ք նա իսկապես վարակված է կորոնավիրուսով։
Միաժամանակ ոստիկանությունը հայտնել է, որ Մյունխենում մարտի 22-ից անցկացվել է 4000 ստուգում եւ հայտնաբերվել է 200 խախտում։
Բավարիան Գերմանիայի առաջին դաշնային հողն է, որը մասնակի լոքդաուն է հայտարարել SARS-CoV-2 վիրուսի հետագա տարածումը զսպելու համար։
Գերմանիայում կորոնավիրուսով վարակման հաստատված թիվը գերազանցել է 26 000-ը, մահացել է 111 մարդ։





























