Բահրեյնի թագաժառանգ Սալման ալ Խալիֆը չի ընդունել բրիտանական արքայազն Ուիլյամի հարսանիքի հրավերը:

Պաշտոնական հայտարարության մեջ նշվում է, որ ապագա միապետը չի ցանկանում, որ իր երկրում անկայուն իրավիճակը ստվեր գցի բրիտանական արքայազնի ամուսնական արարողության վրա: Սալման ալ Խալիֆը նաեւ նշել է, որ ցավում է բրիտանական հասարակության եւ լրատվամիջոցների արձագանքի համար,  որոնք սխալ են մեկնաբանել երկրում կատարվածի վերաբերյալ իր հայացքները, գրում է Lenta.ru-ն:

Բահրեյնի կառավարող սուննի փոքրամասնությանը մեղադրում են շիա մեծամասնության կողմից կազմակերպած անկարգությունների ճնշման մեջ, որի ժամանակ զոհվել է ավելի քան 30 մարդ:

Արաքայազն Ուիլյամի հարսանիքի հրավիրյալների ցուցակի հրապարակումից հետո, մի շարք բրիտանական իրավապաշտպան կազմակերպություններ տարկուսանք էին հայտնել այնտեղ Բահրեյնի թագաժառանգի անվան առկայության առնչությամբ: Ապրիլի 24-ին մի քանի ակտիվիստներ նույնիսկ պիկետ էին կազմակերպել` պահանջելով ետ կանչել հրավերը: