Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին ապրիլի 25-ին դառնում է 65 տարեկան։

«Աղմկոտ տոնակատարություն չի լինի։ Ես դեմ եմ բոլոր կերուխումներին, ռեստորաններին։ Առաջին հերթին, դա տեղին չէ։ Երբ շատ մարդիկ աղքատության մեջ են ապրում, չես կարող ուրախանալ։ Երկրորդ, դա նաեւ վնասակար է։ Մի խոսքով, կլինեմ աշխատավայրում՝ Դումայում»,- «ՌԻԱ Նովոստիին» պատմել է նա։

Ժիրինովսկին, ով իրեն Ռուսաստանի իդեալական նախագահ է համարում, չորս անգամ մասնակցել է նախագահական ընտրություններին, դարձել բոլոր 5 գումարումների Պետդումայի պատգամավոր, իսկ 2000 թվականից զբաղեցնում է ռուսական խորհրդարանի ստորին պալատի փոխխոսնակի պաշտոնը։ Ժիրինովսկիի որդին՝ Իգոր Վլադիմիրովիչ Լեբեդեւը, 2000 թվականի հունվարին ընտրվել է Լիբերալ-դեմոկրատական խմբակցության նախագահ։

Ապագա քաղաքագետը ծնվել է Ղազախստանի մայրաքաղաքում, դպրոցն ավարտելուց հետո եկել Մոսկվա, ավարտել Մոսկվայի պետական համալսարանին առընթեր արեւելյան լեզուների ինստիտուտը։

Ժիրինովսկին Ռուսաստանի քաղաքական դաշտի ամենավառ ներկայացուցիչներից է։ Նրան է պատկանում թեւավոր խոսք դարձած «Մայրս ռուս է, հայրս՝ իրավաբան» արտահայտությունը։

Ժիրինովսկին մեկ անգամ չէ, որ արտահայտել է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում հայերին սատարելու մասին։

Ապրիլի 21-ի իր ելույթում նա հիշեցրել է, որ թուրք զինվորները հայերին սպանել են «ամենգազանային ձեւով, ինչպես վարվում են կենդանիների հետ»։

Ժիրինովսկին վստահ է, որ Թուրքիայի ներկայիս իշխանությունները շարունակում են իրենց  նախնիների զավթողական քաղաքականությունը։

Պետդումայի փոխխոսնակը նաեւ հույս է հայտնել, որ 1915 թվականի ողբերգական իրադարձությունների 100-ամյակին Հայոց ցեղասպանությունը կճանաչվի աշխարհի բոլոր երկրների կողմից։

Միաժամանակ, վերջերս Ռուսաստանում ազգայնական ուժերի ակտիվացման վերաբերյալ քննարկումներից մեկի ժամանակ նա հայտարարեց, թե պետք է բոլոր «խաչիկներին» վռնդել Մոսկվայից (Նա ճշտել էր, որ «խաչիկ» ասելով նկատի ունի բոլոր «սեւերին»):