Հայ ազգային կոնգրեսը կքննարկի ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի առաջարկությունը, ով պատրաստակամություն էր հայտնել մարտի 1-ի բացահայտման հարցում միջնորդ լինել ըննդիմության եւ իշխանության միջեւ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայ ազգային կոնգրեսի անդամ, ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը: «Նա խոստացել է, որ գրավոր կներկայացնի իր առաջարկները: Թող ներկայացնի իր առաջարկությունը, տեսնենք ինչ է առաջարկում, ըստ այդմ`կքննարկենք»,-ասաց նա:
Մանուկյանը նշեց, որ անկախ օմբուդսմենի միջնորդությունից, ՀԱԿ-ը հստակ սահմանել է իր օրակարգը եւ երեք պահանջ առաջադրել, որոնց կատարման վերջին ժամկետը ապրիլի 28-ն է: «Ժողովուրդն, ի դեմս Հայ ազգային կոնգրեսի, առանց որեւէ միջնորդի իր կոնկրետ պահանջներն ու առաջարկներն է ներկայացրել իշխանություններին եւ մենք սպասում ենք իշխանությունների պատասխանին: Մեզ համար ապրիլի 28-ին շատ հարցեր կհստակեցվեն»,-նշեց Մանուկյանը:
Նա նշեց, որ ՀԱԿ առաջադրած պահանջների կատարումը կարող է լուրջ հիմք հանդիսանալ իշխանություն-ՀԱԿ երկխոսության համար: ՀԱԿ-ի պահանջներն են` քաղբանտարկյալների ազատ արձակում, Ազատության հրապարակում «հանրահավաքների անցկացման իրավունքի վերականգնում եւ Մարտի 1-ի բացահայտման պաշտոնական հավաստիացում»։
Հիշեցնենք, որ ՀՀ ՄԻՊ Կարեն Անդրեասյանի հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Կարեւորելով մարդու իրավունքների ոտնահարման կանխարգելումը հնարավոր ներքաղաքական լարված իրավիճակներում, ինչպես նաեւ անկեղծ հավատալով, որ մեր հասարակության զարգացման եւ պետության հզորացման համար իսկապես անհրաժեշտ է քաղաքական ուժերի երկխոսություն եւ առողջ համագործակցություն՝ ես ցանկանում եմ հանդես գալ Հայ ազգային կոնգրեսի եւ խորհրդարանական իշխող կոալիցիայի միջեւ ՄԻՋՆՈՐԴ դառնալու առաջարկությամբ: …Դրական արձագանքի ակնկալիքով եւ կոնկրետ քայլեր նախաձեռնելու վճռականությամբ՝ ես այս շաբաթ իմ առաջարկը գրավոր կուղարկեմ խորհրդարանական իշխող կոալիցիային եւ Հայ ազգային կոնգրեսին»:





























