ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն այսօր` ապրիլի 25-ին ընդունել է «Արտաքսված եւ վտարանդի անձանց եվրոպական միության» պատվիրակությանը՝ կազմակերպության ղեկավար Մասիմիլիանո Լակոտայի գլխավորությամբ:
ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Բակո Սահակյանը բարձր է գնահատել միության ջանքերն՝ ուղղված ցեղասպանությունների ճանաչմանն ու դատապարտմանը, հակամարտություններից տուժած անձանց իրավունքների պաշտպանությանը՝ այն համարելով մարդու իրավունքների պաշտպանության կարեւոր ուղղություններից մեկը:
Բակո Սահակյանը նշել է, որ մարդասիրական հարցերը չպետք է քաղաքականացվեն եւ այս տեսանկյունից ողջունել է հյուրերի աջակցությունն ու պատրաստակամությունը՝ Արցախում հաստատված փախստականների հիմնախնդիրները եվրոպական տարբեր ատյաններում ներկայացնելու գործում:
Երկուստեք նշվել է, որ փոխգործակցության համար առկա են բոլոր հնարավորությունները եւ անհրաժեշտ ներուժը:
Հանդիպմանը մասնակցել են ԼՂՀ ԱԳ նախարար Գեորգի Պետրոսյանը, պաշտոնատար այլ անձինք:





























