Իշխող Հանրապետական կուսակցությունը ընդդիմության հետ երկխոսության հարցում որեւէ միջնորդի կարիք չունի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ  խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը` անդրադառնալով ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի առաջարկությանը`  2008 թվականի մարտի 1-ի դեպքերի բացահայտման հարցում միջնորդ դառնալ իշխանության եւ ընդդիմության միջեւ:

«Առաջարկն իր լիազորությունների շրջանակում չէ: Գոնե մենք որեւէ մեկի միջնորդության կարիքը չունենք, քանի որ մենք այն ուժը չենք, որ նստի ու աղերսագին մտածի, թե ով, երբ պիտի դիմի մեզ ու ինչ խնդիրների շուրջ խոսենք: Մենք ժամանակին առաջարկել ենք, որ պատրաստ ենք ցանկացած քաղաքական ուժի հետ ցանկացած հարցով նստել, խոսել, վերլուծել»,-նշեց Սահակյանը` միաժամանակ հավելելով, որ օմբուդսմենի միտումը, բոլոր դեպքերում, դրական է համարում:

ՀՀԿ խմբակցության ղեկավարը նշեց նաեւ, իշխանությունը վճռականորեն առաջ է տանում իր քաղաքականությունը եւ նրանք, ովքեր կարող են օգուտ բերել ի շահ պետության, պատրաստ են նստել եւ զրուցել նրանց հետ: Այս պահին իշխանության եւ ընդդիմության միջեւ որեւէ հարցի շուրջ, Սահակյանի խոսքով, գործնական երկխոսություն չի ծավալվում, ինչպես այդ մասին հայտարարում են ոմանք:

«Ընդդիմությունը որոշակի հարցադրումներ արեց, որոնք երկխոսության կարիք ունեին: Ես չեմ կարծում, որ մենք սպասումների մեջ ենք, թե ովքեր ինչ առաջարկներ կանեն, նախապայմաններ կդնեն, որպեսզի դրանք կատարենք եւ դա դիտվի երկխոսություն: Առանց որեւէ նախապայմանի ամենասուր քաղաքական հարցերը միշտ էլ պատրաստ ենք ցանկացածի հետ քննարկել»,-վստահեցրեց իշխանական գործիչը: Նրա խոսքով, ընդդիմությունը պետք է մտածի, թե ինչ ճանապարհներ փնտրի, որ իշխանության հետ կարողանա երկխոսության մեջ մտնել: ՀՀԿ խմբակցության ղեկավարը նկատեց նաեւ, որ իշխանության եւ Հայ ազգային կոնգրեսի միջեւ երկխոսության մասին հայտարարությունները տարածում է հենց ՀԱԿ-ը: «Նրանք գլուխ են գովում, որ այնքան քաշ ունեն, իրենց ասածները  իշխանությունը կատարում է»,-նշեց NEWS.am-ի զրուցակիցը: Նա նաեւ ընդգծեց, որ կոնկրետ մեկ հարցի` ԼՂ խնդրի շուրջ իշխանություն-ՀԱԿ երկխոսություն լինել չի կարող,  քանի որ ՀԱԿ-ը, ի դեմս Լեւոն Տեր-Պետրոսյանի Լեռնային Ղարաբաղը տեսնում է Ադրբեջանի կազմում, ինչի մասին հայտարարել է BBC-ին տված հարցազրույցում:

Հիշեցնենք, որ ՀՀ ՄԻՊ-ի հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Կարեւորելով մարդու իրավունքների ոտնահարման կանխարգելումը հնարավոր ներքաղաքական լարված իրավիճակներում, ինչպես նաեւ անկեղծ հավատալով, որ մեր հասարակության զարգացման եւ պետության հզորացման համար իսկապես անհրաժեշտ է քաղաքական ուժերի երկխոսություն եւ առողջ համագործակցություն՝ ես ցանկանում եմ հանդես գալ Հայ ազգային կոնգրեսի եւ խորհրդարանական իշխող կոալիցիայի միջեւ ՄԻՋՆՈՐԴ դառնալու առաջարկությամբ»: