Հայաստանի իշխանությունների կողմից «Մարտի 1-ի» գործի վերանայման որոշումը   միջազգային հանրության  պարտադրանքի հետեւանք է: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ապրիլի 27-ին հայտարարեց «Նոր ժամանակներ» կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանը: Նա նշեց, որ մարտի 1-ի չբացահայտումը թունավորում է քաղաքական կյանքը, հատկապես որ մոտենում են ընտրությունները:

Ըստ ՆԺԿ ղեկավարի, մարտի 2-ից հետո եվրոպական կառույցներում Հայաստանի վերաբերյալ ընդունված  չորս բանաձեւերը խանգարում են, որպեսզի Հայաստանը լուծի իր խնդիրները, մասնավորապես`վարկավորման հետ կապված, այդ պատճառով էլ փորձ է արվում ցույց տալ, որ մարտի 1-ի բացահայտման ուղղությամբ աշխատանք տարվում է:

Կարապետյանը նշեց, որ մարտի 1-ի վերանայումը կարեւոր է մեկ այլ տեսանկյունից էլ. եթե իշխանությունն ու ՀԱԿ-ը ի մի գան, ապա այդ պարագայում օդից կախված է մնալու մարտի 1-ի զոհերի խնդիրը: «Ստացվում է, որ մարդիկ զոհվեցին, իսկ իշխանությունն ու ընդդիմությունը գնացին ու իրար հետ պայմանավորվեցին: Այս առումով մարտի 1-ը դառնալու է որոշակի քննարկումների թեմա»,-նկատեց Կարապետյանը:

Նա նշեց, որ Տիգրան Պասկեւիչյանի սցենարով նկարահանված «Հայաստանի կորսված գարունը» ֆիլմը դիտելուց այն տպավորությունն է ստացել, որ թե’ իշխանությունը, թե’ ՀԱԿ-ը փնտրում են այն գլխավոր դեմքին, որը պետք  է դառնա քավության նոխազ: «Շատ դեպքերում իրականութունը ներկայացվում է այնպես, որ մարտի 1-ին կայացված բոլոր որոշումները եղել են առանց Սերժ Սարգսյանի իմացության: Ժամանակը ցույց կտա` դա այդպես է եղել, թե` ոչ»,-ասաց Կարապետյանը` հավելելով, որ մարտի 1-ի սլաքը թեքված է դեպի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմը:     

Ասուլիսին ներկա ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը նշեց, որ մարտի 1-ի գործի վերանայումը «ինչ որ մեկի դեմ սարքված գործ չէ» եւ ամենեւին էլ նպատակ չունի կոնկրետ ինչ-որ անձի  պատասխանատվության կանչել: Նա համաձայնեց Կարապետյանի դիտարկմանը, թե մարտի 1-ի գործի վերաքննությունը թելադրված է միջազգային հանրության կողմից: Ըստ նրա` մարտի 1-ը ինչ որ մեկը չի հրահրել, այն պարզապես «ստացվեց»: