Ապրիլի 16-ին Ազգային ժողովը երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ ընդունեց «Ապօրինի ծագմամբ գույքի բռնագանձման մասին» օրինագծերի փաթեթը եւ կից օրենքներում կատարված փոփոխությունները: Այս օրենսդրական նախաձեռնությանն աջակցեց 99 խորհրդարանական, 1-ը դեմ հանդես եկավ, 15 պատգամավոր ձեռնպահ մնաց: Այսպիսով, Հայաստանում կսկսվի ապօրինի ծագմամբ գույքի բռնագանձումը: Իշխանությունների հավաստմամբ՝ օրենքի ընդունումը իրավասու մարմնին՝ Գլխավոր դատախազությանը հնարավորություն կընձեռի համապատասխան հիմքերի դեպքում ուսումնասիրել գույքի ձեռքբերման օրինականությունը եւ հայց ներկայացնել այդ գույքի բռնագանձման պահանջով, եթե հայտնաբերվի, որ ձեռք բերված գույքը հիմնավորված չէ եկամտի աղբյուրներով, եւ որի արժեքը ներկայումս գերազանցում է 50 մլն դրամի շեմը:
Դրանից բացի, ԱԺ-ն երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ ընդունեց «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում եւ կից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը: Այս օրենսդրական նախաձեռնությունը ստացած 114 խորհրդարանականների միաձայն աջակցությունը: Օրենքի համաձայն՝ Հայաստանի Հանրային հեռուստատեսությանը թույլ կտան հեռարձակել մինչեւ 5 րոպե տեւողությամբ գովազդ պրայմ-թայմի ժամին՝ 18:00-ից մինչեւ 00:00:




























