Մարտի 1-ի գործի չբացահայտումը, Հայաստանի ազգային հարստության թալանը, կոռուպցիան, չբացահայտված հանցագործությունները, ՀՀ քաղաքացիների իրավունքների բազմահազար խախտումներն արդյունք են նրա, որ երկրում չկա անկախ, օրենքի շրջանակներում գործող դատախազություն եւ իրավապահ մարմիններ: Այս մասին հայտարարություն է տարածել «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը:
«Եթե մեր իրավունքները խախտվում են, եւ մենք չենք կարողանում դրանք պաշտպանել դատարանում, ապա այն պատճառով, որ դատարանները հաճախ են իրականացնում «հեռախոսային արդարադատություն», անկախ չեն: Եթե կառավարությունը վախենում է անհապաղ քննարկել ու լուծումներ տալ մեր ժողովրդի օրախնդիր հարցերին, ապա դա այն պատճառով, որ կառավարությունն էլ, դատարանների նման ձեւավորվում է նախագահին ձեռնտու նպատակահարմարությամբ ու օլիգարխիկ խմբերի շահերի հաշվառմամբ: Եթե նույն այդ օլիգարխիկ խմբերի ներկայացուցիչները Ազգային ժողովում են, ապա այդպիսի խորհրդարանը չի կարող ազատորեն ու անկախորեն օրենքներում կատարել քաղաքացու եւ ժողովրդի շահերից բխող փոփոխություններ»,- նշել է Սաֆարյանը:
«1. 1995թ. կեղծված սահմանադրության հիմքի վրա ձեւավորված այս համակարգի փոփոխության լավագույն ուղին սահմանադրության փոփոխությունն է: Եւ Րաֆֆի Հովհաննիսյանի առաջին պահանջն է սահմանադիր ժողով հրավիրելը` ազգային համերաշխության ճանապարհով նոր Սահմանադրությունն ընդունելու նպատակով: Եթե իշխանությունն ու ընդդիմությունն ուզում են փոխել կամ բարեփոխել այս արատավոր համակարգը, ապա պետք է ընդունեն առաջարկվող այս ճանապարհը:
2. Րաֆֆի Հովհաննիսյանի երկրոդ պահանջը վերաբերում է Հայաստանի կողմից միջազգային քրեական դատարանի իրավասության ճանաչմանը: Եթե քաղաքական ընտրախավը համարում է, որ այս տարիների ընթացքում թույլ չի տրվել ժողովրդի կամ նրա տարբեր հատվածների իրավունքների խախտում, որ մեր իրավունքն է նման միջազգային ատյանում բարձրացնել մարտի 1-ից մինչեւ Արցախի, Ցեղասպանության ու Հայրենազրկման մեր իրավունքների ճանաչման հարցերը, ապա պետք է ընդունեն նաեւ այս մի պահանջը:
3. Եւ վերջապես, ազգային իրավունքներից չհրաժարվելու վճռականություն արտահայտող իշխանությունը մի կողմից, հայ-թուրքական արձանագրությունները «Ցյուրիխյան ուրացում», Մադրիդյան առաջարկներն անընդունելի որակող ընդդիմությունն էլ մյուս կողմից պետք է ընդունեն նաեւ Հովհաննիսյանի երրրոդ պահանջը` հայ-թուրքական արձանագրություններից Հայաստանի ստորագրությունների ետկանչն ու Արցախի ճանաչումը»,- ասված է «Ժառանգության» ներկայացուցչի հայտարարության մեջ:





























