«Boom-Boom» երգը, որով Էմմին հանդես կգա «Եվրատեսիլ-2011» երգի մրցույթում, պարզվում է, բավական սիրվել է եվրոպացիների կողմից. այն պատվիրում են եվրոպական ռադիոկայաններով, լսում մետրոյում։ Ապրիլի 29-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտնեց ինքը՝ Էմմին։
«Մինչեւ հիմա, ուր էլ որ փրոմոտուրերով մեկնած լինենք, մեզ շատ լավ են ընդունել։ Որոշ երկրներում նույնիսկ բարեւի փոխարեն մեզ դիմավորում են «Boom-Boom չակա-չակա» բառերով»,- պատմեց երգչուհին՝ ավելացնելով, որքան մրցույթի օրը մոտենում է, իր հուզմունքն ավելի է մեծանում։
«Մոսկվայում, Կիեւում, Քիշինեւում, Ամստերդամում, Աթենքում եւ Ռիգայում փրոմոտուրերով հանդես գալուց հետո մենք նախատեսում ենք համերգներով հանդես գալ նաեւ Բեռլինում եւ Դյուսելդորֆում»,- տեղեկացրեց Էմմին։
Անդրադառնալով երգին՝ նա նկատեց, որ «Boom-Boom»-ը «պոզիտիվ, տրամադրություն բարձրացնող» երգ է, իսկ «Եվրատեսիլ-2011»-ի հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանն իր հերթին ավելացրեց, որ «ուժեղ, վառ գույներով շոու է լինելու»։
Ինչպես ավելացրեց շոուի բեմադրիչ Արմինե Զարյանը, ինքը մեծ հպարտություն է զգում, որ այս տարվա եվրատեսիլյան բեմադրությունն իրեն է վստահվել, եւ ինքն անելու է ամեն բան, որպեսզի Էմմիի կատարման եւ երգի բեմադրության մասին խոսեն շատ երկար՝ առնվազն մինչեւ հաջորդ տարվա «Եվրատեսիլ»։ «Այնպես կանենք, որ մարդիկ պարեն մեզ հետ»,- ասաց նա։
Անդրադառնալով բեմական հագուստների թեմային՝ պատվիրակության անդամները նշեցին, որ դրանք եւս «վառ գույների մեջ եւ օդային են լինելու»։
Լրագրողներից մեկի հարցին՝ հնարավորություն ընձեռո՞ւմ է մրցութային երգն իրեն դրսեւորել սեփական ձայնային հնարավորություննեերը՝ Էմմին նշեց, որ կողքից բոլորին թվում է՝ «Boom-Boom» հեշտ երգ է. «Սակայն դա այդքան էլ այդպես չէ, պարելու հետ համատեղ այդ երգը բավական դժվար է կատարել։ Հետաքրքիր է, որ երգում կա մի հատված, որն, այնուամենայնիվ, թույլ է տալիս դրսեւորել իմ ձայնային տվյալները»։
Ամփոփելով Էմմին նշեց, որ միայն հայրենիքի հանդեպ սերն է ոգեւորում իր հետ պատահած դժբախտությունից՝ հոր մահից հետո, կանգնել եւ բեմում այսքան ուրախ երգ երգել։
Նշենք, որ «Եվրատեսիլ 2011»-ը կանցկացվի մայիսի 10-14-ին, Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքում։ Հայաստանը կներկայացնի երգչուհի Էմմին «Boom-Boom» երգով։
Հատկանշական է, որ բրիտանական բուքմեյքերները «հավանական են համարում, որ «Եվրատեսիլ 2011» երգի մրցույթում Հայաստանը կհայտնվի լավագույն 10-յակում։





























