ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական եւ եվրասիական հարցերով փոխտեղակալ Թինա Քեյդենաուի Երեւան այցելությունը լավ առիթ է անդրադառնալու հայ-ամերիկյան համագործակցության օրակարգային հարցերին: Այս մասին այսօր` ապրիլի 29-ին հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը` Թինա Քեյդենաուի հետ հանդիպման ժամանակ:
Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ նման հանդիպումներն ուղղված են երկկողմ հարաբերությունների խորացմանն ու Հայաստանում ժողովրդավարացման գործընթացը խթանելու արդյունքում` զարգացած Հայաստան ունենալուն:
Զրուցակիցներն ընդգծել են, որ Հայաստանը եւ ԱՄՆ-ը ամուր գործընկերային հարաբերություններ ունեն թե´ երկկողմ, թե´ բազմակողմ հարթություններում եւ ձգտում են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում ընդլայնել ու խորացնել այդ հարաբերությունները:
Տիկին Քեյդենաուն նշել է, որ հայ-ամերիկյան հարաբերություններն ունեն զարգացման շատ հստակ ու դրական ուղղվածություն եւ վստահություն հայտնել, որ այդ միտումը կշարունակվի: Նա հայտնել է ԱՄՆ պատրաստակամությունը շարունակել աջակցել նախագահ Սարգսյանի՝ Հայաստանում ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված քայլերին:
Երկկողմ համագործակցության հարցերից բացի, քննարկվել է նաեւ տարածաշրջանային հարցերի լայն շրջանակ:




























