Սոչիում տեղի ունեցած հանդիպումից հետո ղարաբաղյան հակամարտության գործընթացում առաջընթաց է նկատվում։ Ապրիլի 29-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մեթյու Բրայզան, հայտնում է Trend-ը:

«Այսօր հակամարտության կողմ հանդիսացող երկրների արտգործնախարարներն ակտիվորեն զբաղվում են այդ հարցով, եւ ես կարծում եմ, որ նախագահները քայլ առ քայլ առաջընթացի կհասնեն»,- ասել է Բրայզան։

Նշենք, որ Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանը, Դմիտրի Մեդվեդեւը եւ Իլհամ Ալիեւը Սոչիի Կրասնայա Պոլյանա լեռնադահուկային հանգստավայրում հանդիպել էին մարտի 5-ին։

Սոչիում տեղի ունեցած հանդիպման արդյունքներով համատեղ հայտարարություն էր ընդունվել, որում ասվում է, որ պետք է ձգտել բոլոր վիճելի հարցերը լուծել խաղաղ միջոցներով եւ կրակի դադարեցման գծի երկայնքով կողմերի մասնակցությամբ անցկացնել հնարավոր միջադեպերի հետաքննություն` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո եւ ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցչի աջակցությամբ: