Զիմբաբվեի կառավարությունը ստիպված կլինի դիմել փողերի ընդլայնված էմիսիայի, եթե միջազգային հանրությունը չցուցաբերի Հարարեին ֆինանսական օգնություն։ Այդ մասին հայտարարել է Զիմաբվեի ֆինանսների նախարար Մթուլի Նքուբեն միջազգային ֆինանսական կազմակերպություններին ուղղված նամակում, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Ուղերձի մեջ նախարարը խնդրում է հատկացնել Զիմբաբվեին ֆինանսական միջոցներ երկիրն աղետից փրկելու համար։
Միաժամանակ Նքուբեն նշում է, որ Զիմբաբվեում փողի արժեզրկումը հասել է 500 տոկոսի։ Դա կարող է հանգեցնել հիպերարժեզրկման եւ ծանր տնտեսական ճգնաժամի, որը կանդրադառնա նաեւ հարեւան աֆրիկյան երկրների վրա, ընդգծել է նա։ Նախարարն առաջարկել է վերանայել կամ չեղարկել Զիմբաբվեի արտաքին պարտքը, որպեսզի երկիրը կարողանա պայքարել նոր կորոնավիրուսի պանդեմիայի դեմ։
Թերթը նշում է, որ ո՛չ Արժույթի միջազգային հիմնադրամը, ո՛չ Համաշխարհային բանկը չեն արձագանքել նախարարի նամակին։




























