Մայիսի 1-ը` աշխատավորության օրը, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանի համար կրկնակի տոն է, քանի որ այդ օրը ոչ միայն աշխատավորության օրն է, այլ իր` Պետրոսյանի ծննդյան օրը: Պատգամավորը NEWS.am-ի թղթակցի հետ կիսվեց իր մանկության, պատանեկության եւ երիտասարդության տարիներին արձանագրված մայիսմեկյան իր հիշողություններով: Պետրոսյանը պատմեց, որ համալսարանական տարիներին ուսանողներով ու դասախոսներով շքերթով շարժվել են դեպի այն ժամանակվա Լենինի հրապարակ: «Քանի որ մայիսի 1-ը իմ եւ իմ ընկերներից մեկի` Լյուդվիգ Կարապետյանի ծննդյան օրն էր, մենք մի հինգ հոգով առանձնանում էինք եւ գնում մայիսի 1-ը Անի հյուրանոցում նշելու»,- պատմեց Պետրոսյանը:
Նա նաեւ մի ուշագրավ պատմություն հիշեց, որը տեղի է ունեցել իր մանկության տարիներին: «Ես մինչեւ 5-րդ դասարանը սովորել եմ գյուղում` Դեբեդում: Մայիսի 1-ին սովորաբար «ուռա», «կեցցե մայիսի 1»-ը գոռալով վազվզում էինք հանդերում, որից խրտնում էին գյուղի գոմեշները: Մի անգամ նունիսկ դեպք պատահեց. պապիս եղբորը ընտանիքով աքսորեցին այն բանի համար, որ նա չկարողացավ կանգնեցնել խրտնած գոմեշներին եւ հայհոյեց «մայիսի 1» ստեղծողին: Այդ մարդը 18 տարով աքսորում մնաց»:
ՀՀԿ-ական պատգամավորը, այս տարի եւս պատրաստվում է նշել մայիսի 1-ը, սակայն ոչ թե որպես աշխատավորության օր, այլ տոնելու իր ծննդյան 71-ամյակը: Մայիսի 1-ին ՀԿԿ կենտկոմի կողմից կազմակերպվող միջոցառումներին չի մասնակցելու, քանի որ հետաքրքրություն չի տեսնում դրանցում:
ԱԺ նախկին պատգամավոր Արշակ Սադոյանը եւս հետաքրքիր հիշողություներ ունի, սակայն ոչ թե մայիսի 1-ի, այլ մայիսի 2-ի օրվա հետ կապված. Խորհրդային տարիներին տոնական էին մայիսի 1-ն եւ 2-ը: «Մայիսի 2-ին ընկերներով սովորաբար քաղաքից դուրս էինք գալիս, գնում բնության գրկում նշելու: Մայիսի 2-ը ես կոչում էի նաեւ «լողանալու օր», քանի որ այդ օրը, թեեւ ոչ այնքան տաք եղանակին, ես սովորություն ունեի լողալ գետում կամ ջրային այլ ավազանում»,- պատմեց Սադոյանը: Նա, սակայն, ետխորհրդային տարիներին մայիսի 1-ը հատուկ կարգով չի նշել, այս տարի եւս չի պատրաստվում նշել: «Օրը կանցկացնեմ սովորակի պես, հատուկ չեմ նշի: Կոմունիստների կազմակերպած միջոցառումներին մասնակցելու իմաստը չեմ տեսնում: Կմասնակցեմ մայիսի մեջ տոնվող մյուս տոներին»,-ասաց Սադոյանը:
Ի դեպ, մայիսի 1-ին է ծնվել նաեւ մեկ այլ ՀՀԿ-ական` Ալեքսան Պետրոսյանը ինչպես նաեւ ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը: Տիկին Բիշարյանի համար 2011 թվականի մայիսի 1-ը հոբելյանական է` նա տոնելու է իր 50-ամյակը:
Նշենք, որ Երեւանի քաղաքապետարանը մայիսի 1-ի տոնի կապակցությամբ որեւէ միջոցառում չի կազմակերպել:
Պատրաստեց Ելենա Գեւորգյանը




























