Կորոնավիրուսային համավարակի պատճառով բրիտանական տնտեսությունը կանգնած է պատմության մեջ ամենամեծ անկման առջեւ, հայտնում է BBC-ն:

Անգլիայի բանկի կանխատեսումներով` այս տարի անկումը կարող է 14 տոկոսի հասնել, ինչը ամենավատ ցուցանիշն է ավելի քան երեք դարի ընթացքում, այսինքն` 1706 թվականիցի վեր: Չնայած 2021 թվականին Մեծ Բրիտանիայում տնտեսությանը 15 տոկոս աճ է սպասվում, մինչեւ հաջորդ տարվա կեսն այդ ցուցանիշը չի վերադառնա իր գագաթնակետին:

Resolution Foundation-ի հետազոտությունների բաժնի տնօրեն Ջեյմս Սմիթը հայտարարել է, որ տնտեսությանը հարվածն այս տարի հավասար կլինի Մեծ Բրիտանիայի յուրաքանչյուր ընտանիքում 9000 ֆունտ (մոտ 11.000 դոլար) կորստին: Ակնկալվում է, որ այս տարի միջին աշխատավարձը կընկնի 2 տոկոսով, իսկ գործազրկությունը ներկայիս 4 տոկոսից կբարձրանա 9 տոկոսից բարձր:

Ավելի վաղ, դրամավարկային քաղաքականության հանձնաժողովը որոշել էր պահպանել բազային տոկոսադրույքները ռեկորդային ցածր 0.1 տոկոսի մակարդակում, իսկ Անգլիայի Բանկը 645 միլիարդ ֆունտ արժողությամբ պետական պարտատոմսեր էր գնել: Քննարկվում է նաեւ փոխառությունների` եւս 100 միլիարդ ֆունտով ավելացման հարցը:

IHS Markit վերլուծական գործակալության տվյալներով` ապրիլին եվրոգոտում բիզնեսի ակտիվությունը նվազել է մինչեւ 13.5 տոկոս, իսկ Մեծ Բրիտանիայում` 12.9 տոկոս: Երկրում գործում է կառավարության ծրագիրը, որի համաձայն դիմած ընկերությունների համար փոխհատուցվում է աշխատավարձային ծախսերի 80 տոկոսը: