Ավստրիայում կայացել է Մաութհաուզեն համակենտրոնացման ճամբարի ազատագրման 75-ամյակին նվիրված արարողությունը։ Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով կիրակի՝ մայիսի 10-ին, բոլոր միջոցառումներն անցել են վիրտուալ ձեւաչափում, հաղորդում է DW-ը։

Միջոցառումներն անցկացվել են «Մարդկություն առանց սահմանների» կարգախոսի ներքո։

«75 տարի առաջ կատարվել է մարդկության պատմության մեջ սարսափելի հանցագործություն։ Արդեն 75 տարի է, ինչ Մաութհաուզենը վայր է, որտեղ չեն մոռանում»,-հայտարարել է Ավստրիայի դաշնային նախագահ Ալեքսանդեր Վան դեր Բելենը։

«Մենք պարտավորություն ունենք Հոլոքոստի զոհերի նկատմամբ եւ պետք է պահպանենք նրանց մասին հիշողությունը։ Մենք ունենք վեց միլիոն պատճառ հիշելու համար»,-նշել է Ավստրիայի Ազգային խորհրդի նախագահ Վոլֆգանգ Սոբոտկան։ Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը նունպես ասել է, որ ժամանակակից սերնդի պարտքն է պահել «նացիոնալ-սոցիալիզմի հանցագործությունների եւ աներեւակայելի վայրագությունների մասին հիշատակը։ «Մենք հիշում ենք, որ ավստրիացիները ոչ միայն զոհեր էին, այլ նաեւ հանցագործներ»,-հավելել է նա։