Կորոնավիրուսի համավարակի պատճառով Չինաստանի հետ լարվածության էսկալացիան կարող է «լուրջ ռիսկ» դառնալ տնտեսության վերականգնման համար եւ անգամ հանգեցնել վատթարագույն առեւտրային պատերազմի, որը նախկինում բռնկվել էր Պեկինի եւ Վաշինգտոնի միջեւ: Այս մասին CNBC-ի հետ զրույցում ասել է Կենտրոնացված առաջնորդների հիմնադրամի գլխավոր տնօրեն Դեւիլ Սոկուլսկին:
Նրա խոսքով՝ կարանտինի մի քանի շաբաթներից հետո տնտեսության վերականգնումը կարող է տապալվել քաղաքական լարվածության պատճառով: «Սա լուրջ վտանգ է, որն այս պահին չի գնահատվում,- հայտարարել է նա՝ հավելելով, թե քանի որ անցնում ենք վարակման բարձրակետային մակարդակները, քաղաքական գործիչները ցանկանում են մեղքը բարդել որեւէ մեկի վրա, եւ այդ մեղադրանքի համար ակնհայտ թիրախ է Չինաստանը:
Համաշխարհային տնտեսությունը մարտին գրեթե կանգ էր առել, քանի որ երկրները փակել էին սահմանները, իսկ ձեռնարկությունները փակվել էին՝ փորձելով կասեցնել այդ հիվանդության տարածումը: Մի քանի երկրներ Չինաստանին մեղադրել են կորոնավիրուսի բռնկմանը սխալ արձագանքելու մեջ եւ փոխհատուցումներ պահանջել իրենց տնտեսության վրա կաթվածահարող ազդեցության դիմաց: Մյուսները քննություն անցկացնելու կոչ են արել եւ ցանկանում են իմանալ՝ Չինաստանն արդյոք կարո՞ղ էր կանխել համաճարակի տարածումը: «Չինաստանը զոհ է, այլ ոչ թե դրա մասնակից»,- ասել է Չինաստանի փոխնախարար Լե Օյչենը NBC News-ի հետ հարցազրույցում: «Հիմա մեղադրանքների եւ քաղաքական մանիպուլյացիաների ժամանակը չէ»,- հավելել է նա:
ԱՄՆ-ն Պեկինին պատժով է սպառնում, մինչդեռ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենն աջակցում է հիվանդության ծագման քննություն անցկացնելու կոչերը:
«Եթե ժամանակը փոքր-ինչ հետ շրջենք (անցյալ տարվա վերջ եւ այս տարվա հունվար), ապա դա մեծապես կապված էր առեւտրային բանակցությունների բարելավման եւ ԱՄՆ-ի ու Չինաստանի միջեւ համաձայնագրի առաջին փուլի ստորագրման հետ»,- ասել է Սոկուլսկին:
Այս անգամ տարբերությունն այն է, որ լարվածության սրումն առնչվում է մնացյալ ամբողջ աշխարհին, նշել է նա:
Սոկուլսկին ասել է, որ իրավիճակը կարող է վատթարանալ. «Մենք կարող ենք առեւտրային պատերազմների բախվել հնարավոր ավելի վատթար մասշտաբներով, քան անցյալ տարի էր»:




























