Երեկ ուշ երեկոյան եւ այսօր LiveJournal բլոգերային հարթակի ծառայությունների աշխատանքում խաթարումներ են նկատվում։ Ենթադրվում է, որ սա բլոգերային հարթակին ուղղված հերթական հաքերային հարձակումն է։ Բլոգերային հարթակին ուղղված հակերային հարձակումների հնարավոր պատճառները եւ մանրամասները NEWS.am- Ինովացիայի խնդրանքով պարզաբանեց Տեղեկատվական անվտանգության մասնագետ, բլոգեր Սամվել Մարտիրոսյանը։ Նրա խոսքով՝ բլոգերային հարթակի ներքին խոհանոցը փակ է, իսկ հարձակումների վերաբերյալ իրարամերժ կարծիքներ կան:
«Բլոգերային հարթակի վրա հարձակումները մի կողմից դիտարկվում է որպես իշխանությունների կողմից ռուս ընդդիմադիր բլոգերների դեմ ուղղված քայլ, մյուս կողմից բլոգերների մի մասն էլ այն կարծիքին է, որ այդպիսով՝ LiveJournal-ի ղեկավարությունը PR-ի խնդիր է լուծում եւ որեւէ հարձակում չկա»,-ասաց Ս. Մարտիրոսյանը։ Նրա խոսքով՝ չեն բացառվում նաեւ այլ տարբերակներ, ասենք՝ LiveJournal-ը իր տեխնիկական մասը լավ չի ապահովում, կամ հաքերները փորձում են իրենց ուժերը:
Նշենք, որ LiveJournal- ը միջազգային բլոգային հարթակ է, որում գրանցված են նաեւ բազմաթիվ հայ բլոգերներ։
Հիշեցնենք, որ հարձակումը խոշորագույն LiveJournal բլոգհոսթինգի վրա սկսվել է 2011թ. մարտի վերջից, իսկ երկրորդ խոշոր հարձակումը կատարվել է ապրիլին։ Սա արդեն բլոգերային հարթակին ուղղված հաքերային երրորդ խոշոր հարձակումն է:





























