Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր` մայիսի 3-ին ընդունել է «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի (ՀՄԿ) գլխավոր գործադիր տնօրեն Դանիել Յոհանեսին եւ քննարկել «ՀՄՀ Հայաստան» ծրագրի շարունակականության հեռանկարները, ինչպես նաեւ ծրագրի փակմանն առնչվող հարցեր:
Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Հայաստանի վարչապետը բարձր է գնահատել 2006թ. սեպտեմբերից մեկնարկած «ՀՄՀ-Հայաստան» 5-ամյա ծրագրի ընթացքը եւ արդյունքները:
Իր հերթին Դանիել Յոհանեսը տեղեկացրել է, որ այսօր այցելել է վերականգնված ջրանցքներ, հանդիպել շահառու ֆերմերներին, ովքեր դրական եւ արդյունավետ են գնահատել ծրագրի ընթացքը` նշելով, որ այն իրենց հնարավորություն է ընձեռել ավելացնել իրենց եկամուտները:
Տ. Սարգսյանը ներկայացրել է միջազգային դոնոր կազմակերպությունների կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը եւ այդ համատեքստում անդրադարձել «ՀՄՀ-Հայաստան» ծրագրի նշանակությանը: Որպես ծրագրի կարեւոր բաղադրիչներ` նա առանձնացրել է նոր մոտեցումների կիրառումը, կրթական բաղադրիչի առկայությունը, կայունությունը եւ ծրագրում տեղական ինքնակառավարման մարմինների ներգրավվածությունը:
Հանդիպման ավարտին վարչապետը շնորհակալություն է հայտնել «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիային, ՀՄԿ-ի տնօրենների խորհրդի անդամներին ծրագրի իրականացման, ինչպես նաեւ Հայաստանում աշխատած թիմին եւ ծրագրում ներգրավված բոլոր շահագրգիռ կողմերին` ցուցաբերած օժանդակության համար:





























