Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը ոչ հաստատել, ոչ էլ հերքել է տարածված տեղեկությունները, ըստ որոնց մարտի 1-ի գործով ազատազրկվածներին ներում շնորհելու խնդրանքով Հայաստանի նախագահին է դիմել Գարեգին Բ-ն:
NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մամլո կենտրոնի ղեկավար Տեր Վահրամ քահանա Մելիքյանն ասաց. «Տարբեր առիթներով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը միջնորդություններ կատարել է նման իրավիճակներում, սակայն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը երբեւէ Մայր Աթոռի եւ Վեհափառ Հայրապետի միջնորդությունների մասին չի բարձրաձայնել, հարկ չի համարել` գովազդել, ներկայացնել հանրությանը, ուղղակի փորձել է իր աջակցությունը բերել խնդրի վերանայմանը, լուծմանը»:
Ճշտող հարցին, թե Մայր Աթոռը հերքու՞մ, թե՞ հաստատում է այդ լուրերը, Տեր Վահրամը պատասխանեց. «Ես չեմ կարող դա հաստատել»:
Իսկ հերքե՞լ, դիտարկմանն էլ արձագանքեց. «Ես այդ մասին տեղեկատվություն չունեմ»:
Հիշեցնենք, որ օրերս մամուլում լուրեր են տարածվել, թե մի շարք հասարակական կազմակերպություններից եւ բարձրաստիճան պաշտոնյաներից, այդ թվում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանից բացի, Հայաստանի նախագահին քաղբանտարկյալներին ներում շնորհելու խնդրանքով դիմել է նաեւ Գարեգին Բ-ն:





























