Մարտի 1-ի գործին նոր թափ հաղորդվեց հանրապետության ղեկավարի՝ համապատասխան մարմինների հետ հանդիպումից հետո, իսկ Հայ ազգային կոնգրեսի այդ պահանջն ուղղակի զուգադիպություն էր։ Մայիսի 5-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց հանրապետական պատգամավոր Կարեն Ավագյանը։

«Իշխանություններն ինքնակամ են գնում բարեփոխումների, մինչդեռ ՀԱԿ-ը շարունակում է պնդել, որ մենք կատարում ենք իր պահանջները։ Իրականում իշխանությունը կատարում է որոշակի գործողություններ, որոնք մեր ընդդիմադիր գործընկերները փորձում են իրենց վերագրել»,- ընդգծեց Ավագյանը՝ միաժամանակ ավելացնելով, որ թեւե իշխանության եւ ընդդիմության միջեւ երկխոսություն չկա, սակայն կան քաղաքական ուժեր, որոնք նախանձով են վերաբերում իրենց հնարավոր համագործակցությանը։

«Այդ ուժերի մեջ է օրինակ «Ժառանգություն» կուսակցությունը եւ մի քանի այլ ուժեր, որոնց ձեռնտու է ոչ թե իշխանության եւ ընդդիմության միասնականությունն ու համերաշխությունը, այլ բեւեռացումն ու անհաշտությունը»,- կարծիք հայտնեց ՀՀԿ-ական պատգամավորը։

Ամփոփելով՝ Կարեն Ավագյանը նշեց, որ ընդդիմության կողմից վերջին ժամանակներս ցուցաբերվող կառուցողական գործելաոճն իշխանության կողմից աննկատ մնալ չի կարող։

Նշենք, որ ապրիլին դատաիրավական համակարգի պատասխանատուների հետ հանդիպմանը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հանձնարարել էր նոր թափ հաղորդել մարտի 1-ի հանցագործությունների բացահայտմանը: