Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր` մայիսի 5-ին պետք է հրապարակեր Սեդրակ եւ Բելլա Քոչարյանների կողմի ընդդեմ «Ժամանակ» օրաթերթի ներկայացված հայցի վճիռը, սակայն տեղի է ունեցել անսպասելին. Դատավոր Արայիկ Մելքումյանը հայտարարել է, թե վերսկսում է դատաքննությունը:

Դատավորը դատական հաջորդ նիստը նշանակել է մայիսի 20-ին, ժամը 10-ին: Ի դեպ, դատական նիստին չէին ներկայացել ոչ պատասխանող, ոչ հայցվոր կողմերը:

Ինչպես արդեն նշել է NEWS.am-ը, Ռոբերտ Քոչարյանի ընտանիքը դատական հայց է ներկայացրել «Ժամանակ» օրաթերթի հիմնադիր «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊԸ-ի դեմ` պարբերականին մեղադրելով  քոչարյանների բարի համբավը արատավորելու մեջ: Քոչարյանների ընտանիքը 6 մլն դրամի փոխհատուցում է պահանջում օրաթերթից՝ 3 մլն–ը դատական ծախսերի համար, իսկ մյուս 3 մլն-ը՝ որպես բարոյական վնասի փոխհատուցում` , օրաթերթում տպագրված «Ադամանդե Ռոբ», «Վոլվո+սպայկա հավասար է Սեդրակ Քոչարյան» եւ «Արյունը Քոչարյանից, կայֆը Ծառուկյանից, հակացնցումը Լֆիկից» հոդվածների համար։

Ռոբերտ Քոչարյանը թերթում տպագրված այս հոդվածների վերաբերյալ պահանջել էր հերքում, որոնք, թերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանի հավաստմամբ, տպագրվել են: Սական, ըստ խմբագրի, հերքման տեքստերի հետ դրված հիշեցումները, որոնցում կրկին վերաշարադրվել է հրապարակման բովանդակությունը, Քոչարյան ընտանիքը համարել է իր բարի համբավին հասցված կրկնակի վնաս: