Մատենադարանին հարող տարածքում այսօր` մայիսի 5-ին կայացել է Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանի հրավիրած հանրահավաքը: Քանի որ մասնակիցները շատ քիչ են եղել, ըստ կազմակերպիչների` մոտ 200 մարդ, Տիգրան Կարապետյանը հայտարարել է, որ, ըստ էության, ժողովուրդը հիասթափվել է հանրահավաքներից ու չի եկել, ներկա են միայն իրենց կուսակիցները:

Իր ելույթում Տիգրան Կարապետյանն ասել է. «Բա մենք արժանի՞ էինք այս նվազ զանգվածին: Որովհետեւ ձեզ այնքան խաբեցին, ժողովուրդ, որ դուք էլ չգիտեք` ինչ եք անում: Բա դուք այս կյանքի՞ն էիք արժանի: Մեր կյանքը կտանք ձեզ, ա’յ ժողովուրդ, բայց դուք չկաք, որ տանք: Կտեսնեք` հիմա բոլորը կգրեն, որ քիչ մարդ կար հանրահավաքում: Այո’, մենք քիչ ենք, բայց մաքուր հայ ենք»:

Նա նշել է, որ անգամ ժողովրդին ազատություն խոստացողներն են վաճառվում եւ միայն ինքն է որ պայքարում է չարի դեմ:
Անդրադառնալով հաջորդ հանրահավաքին, ԺԿ առաջնորդն ասել է, որ այն կլինի այն ժամանակ, երբ ժողովուրդը պատրաստ լինի:
Նշենք, որ հանրահավաքի ավարտից հետո նախատեսված երթը չի կայացել, այնինչ նախատեսված էր երթ դեպի կառավարություն: «Երթ չի լինելու, հաջորդ հանրահավաքի մասին էլ չեմ ասում` կանխավ կհայտարարենք, իսկ այժմ գնացեք ձեր տները»,- հայտարարել է Կարապետիչը: