Դատաիրավական համակարգի ներկայացուցիչներին հարկավոր է փոխել եւ նոր մարդկանց նշանակել: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ մայիսի 6–ին հայտարարեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: Նա նշեց, որ ապրիլի 28-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից դատաիրավական համակարգի ներկայացուցիչների մասնակցությամբ խորհրդակցություն հրավիրելը վիրավորանք է հայ հասարակության նկատմամբ: «Նաեւ ծիծաղելի է, թե այս մարդկանց հետ ինչպես պետք է իրականացվեն բարեփոխումներ, քանի որ այդ մարդիկ խորհրդանշում են երկրում տեղի ունեցած անարդարություններն ու անօրինականությունները»,-նկատեց Փոստանջյանը:
Նա նշեց, որ այդ անձինք`ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյան, ԱԱԾ ղեկավար Գորիկ Հակոբյան, Վճռաբեկ Դատարանի նախագահ Արման Մկրտումյան, ՀՔԾ ղեկավար Անդրանիկ Միրզոյան եւ այլք, պետք է հեռացվեն աշխատանքից, քանի որ հենց նրանք են, որ զբաղվել են մարտի 1-ի գործի օբյեկտիվ քննության ընթացքը շեղելով եւ իրական մեղավորներին կոծելով:
«Այս մարդկանց հետ ինչպիսի բարեփոխումներ պետք է իրականացվեն` ինձ համար հասկանալի չէ»,-նկատեց Փոստանջյանը: Նա նաեւ հավելեց, որ եթե Սերժ Սարգսյանն իսկապես անկեղծ է դատաիրավական բարեփոխումներ իրականացնելու եւ մարտի 1-ը բացահայտելու հարցում, ապա պետք է սկսի իրենից` հայտարարելով, որ պատրաստ է հարցաքննվել նույնիսկ մեղադրական հարցերի շուրջ:
«Մարտի 1-ն սկսվել է ոչ թե արտակարգ դրություն հայտարարելուց հետո, այլ մարտի 1-ի վաղ առավոտյան, որտեղ գտնվում էին մարդիկ, որոնց Սերժ Սարգսյանը համարում էր իր քույրերն ու եղբայրները: Ուստի, նա մարտի 1-ի առավոտյան օպերացիայի ժամանակ, որպես վարչապետ, պետք է գնար եւ տեսներ, թե ինչպես են իր քույրերն ու եղբայրները, եւ պարզեր, արդյոք հրապարակում իրականացվող գործողություններն օրինակա՞ն էին»,-նկատեց պատգամավորը:
Նա նաեւ նշեց, որ իրավապահ համակարգի առողջացումը պայմանավորված չէ անձեր փոխելով` եթե նրանք շարունակելու են ցուցում ստանալ մեկ կենտրոնից: Ուստի, Փոստանջյանի խոսքով, ՀՀ ղեկավարը պետք է կամովին հրաժարվի դատարանի վրա ազդելու «լիազորությունից» եւ սահմանափակի իր իրավասությունները: «Դա կարող է տեղի ունենալ օրենսդրական, ինչպես նաեւ Սահմանադրական փոփոխություններ անելով»,-նկատեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավորը:





























