Մոսկվայում ունեցած համերգից հետո լեգենդար երաժիշտ եւ երգահան Ջիվան Գասպարյանը BBC-ի ռուսական գործակալությանը հարցազրույց է տվել։ Ստորեւ ներկայացնում ենք հարցազրույցը (կրճատումներով).
Դուք տարիներ շարունակ ամբողջ աշխարհում տարածում եք հայկական երաժշտությունը։ Դժվարի՞ն գործ է։
Իսկական հայկական մշակույթը բարձր դասի երաժշտություն է։ Մեր երաժշտությունը նման է եվրոպականին։ Բայց միաժամանակ բոլորովին այլ երաժշտություն է։ Լուրջ երաժշտությունը լսում է ամբողջ աշխարհը, դա չի մահանում։ Ազնվական երաժշտությունը չի մահանում։
Մեկ անգամ չէ, որ Դուք համերգներով ելույթ եք ունեցել Թուրքիայում՝ շեշտելով, որ Ձեզ համար վատ ազգություններ չկան։ Ամեն դեոպքում, հայերի սերունդների համար որքա՞ն կարեւոր է Թուրքիայի կողմից Ցեղասպանության պաշտոնական ճանաչումը։
Խորհրդային տարիներին ինձ Թուրքիա չթողեցին։ ՊԱԿ-ում ասացին, թե պետք է փոխեմ ազգանունս Թուրքիա գնալու համար, սակայն ես մերժեցի։ Ես լրտես չեմ, որ ազգանունս փոխեմ։ Ես Թուրքիա գնացի Լոնդոնից, ինձ շատ լավ ընդունեցին, թուրքերը համբուրում էին հագուստս։ Դա ժողովուրդն է, ժողովուրդը ուրիշ է, հասարակ։ Վատ ազգություններ չկան, կան վատ ու լավ մարդիկ։ Ինչպե՞ս կարելի է ասել, թե թուրքերը ցանկանում են մարդկանց սպանել։ Այդպես չի կարելի մտածել։ 10 հազար թուրք եկել է Հայաստան՝ հարգելու Ցեղասպանության զոհերի հիշատակը։ Դա քի՞չ է։
Շարունակո՞ւմ եք արդյոք համագործակցել Հոլիվուդի հետ։ Ի՞նչ կարող եք հիշել «Գլադիատոր» ֆիլմի սաունդթրեքի ստեղծման մասին։
Իհարկե շարունակում եմ։ Ինչպե՞ս կարող եմ ապրել առանց Հոլիվուդի։ Ես միջազգային մասշտաբի 40 ֆիլմերի համար եմ նվագել, սակայն ինձ հռչակ բերել է «Գլադիատորը»։ Շատ արտասահմանցի երաժիշտների հետ եմ աշխատել եւ չեմ կարող ասել, թե ում հետ է դժվար եղել համագործակցել։ Հաճույք եմ ստացել Բրայան Ինոյի, Հանս Ցիմերի, Փիթեր Գեբրիելի, Սթինգի եւ այլոց հետ աշխատելուց։





























