Լեգենդար ծանրամարտիկ, Հայաստանի նախագահի խորհրդական Յուրի Վարդանյանը եկող շաբաթ դուրս կգրվի հիվանդանոցից: Այս մասին այսօր` մայիսի 7-ին, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Շուշան Հունանյանը: Նրա խոսքով` ծանրամարտիկը արդեն իրեն լավ է զգում, եւ այսօր նրան այցելել է Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը:

Հիշեցնենք, որ NEWS.am-ը գրել էր, որ լեգենդար ծանրամարտիկ, Հայաստանի նախագահի խորհրդական Յուրի Վարդանյանը 2010թ. հոկտեմբերի 8-ի երեկոյան վթարի էր ենթարկվել Երեւան-Գյումրի ավտոմայրուղու վրա: Նրա մեքենան բախվել էր տրակտորին, իսկ նա ստացել էր ոսկորի կոտրվածք: Իսկ օրերս նրա մոտ կրկնակի կոտրվածք էր եղել Մոսկվայում, եւ ծանրամարտիկին տեղափոխել էին Երեւան: Ավելի վաղ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նրա քույրերն ասել էին, որ Յուրի Վարդանյանի կյանքին վտանգ չի սպառնում, գիտակցությունը նորմալ է, զրուցում է հարազատների հետ եւ վերակենդանացման բաժանմունքից շուտով կտեղափոխեն պալատ: