Բրազիլիայում դատարանը երկրի նախագահ Ժաիր Բոլսոնարուին պարտավորեցրել է մայրաքաղաքի եւ մերձակա դաշնային շրջանի հասարակական վայրերում դիմակ կրել, հայտնում է BBC News-ը։
Բոլսոնարուն քննադատության է ենթարկվել նսեմացնելու համար կորոնավիրուսի վտանգը, որը համավարակի սկզբում անվանել էր «ոչ մեծ մրսածություն»։
Նա բազմիցս հանրության մեջ հայտնվել է առանց դիմակի եւ կողմնակիցներին ողջունել է առանց սոցիալական հեռավորություն պահպանելու։
Հանրահավաքներում նա տեսախցիկների առջեւ հայտնվել է հազալիս, իսկ մի անգամ նկարահանվել է, թե ինչպես է Բոլսոնարուն փռշտում ափի մեջ, այնուհետեւ սեղմում տարեց կնոջ ձեռքը, նշում է հեռուստաալիքը։
Դաշնային դատավոր Ռենատո Բորելին հայտարարել է, որ Բրազիլիայի նախագահի եւ մյուս պաշտոնատար անձանց կողմից այդ հրահանգի չկատարման համար 2000 բրազիլական ռեալի (387 դոլար) տուգանք է նախատեսված՝ յուրաքանչյուր խախտման համար։





























