Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին «Գորդոնին հյուր» հաղորդման եթերում խոսել է նաեւ Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հարաբերությունների մասին:

Ծրագրի տեսագրությունը տեղադրված է Գորդոնի Youtube-ալիքում:

«Էրդողանին վերջին անգամ տեսել եմ մի քանի տարի առաջ: Դա բառացիորեն 17 թվին էր՝ հեղաշրջման փորձից անմիջապես հետո: Մենք շատ հաճելի զրույց ունեցանք, նրանք այդ ժամանակ բարդություններ ունեին Ռուսաստանի հետ: Նա ասաց, որ իրենք երբեք չեն հանձնվի, որ ինքը կպաշտպանի Թուրքիային հարձակումներից, այդ թվում նաեւ Ռուսաստանի կողմից... Նա շատ մարտականորեն էր տրամադրված»,- ասել է Սահակաշվիլին:

Նրա խոսքերով՝ դրանից հետո Էրդողանը հաշտվեց Պուտինի հետ:

Սակայն, ինչպես հայտարարել է Սահակաշվիլին, դա, այնուամենայնիվ, հավերժական պատմություն չէ, քանի որ «Ռուսաստանը վերեւից է նայում նրանց: Թուրքերն ունեն իրենց հպարտությունը»:

Սահակաշվիլին նաեւ նշել է, որ Էրդողանը «նույն խնդիրներն ունի, ինչ Պուտինը՝ նրա վարկանիշն իսկապես ընկնում է»:

Սահակաշվիլին կարծում է, որ Էրդողանի օրոք Թուրքիան արագորեն արդիականացավ, եւ երբ ինքը վերջին անգամ դուրս է եկել զբոսնելու Ստամբուլի փողոցներով, տեսել է սրճարաններում թերթ կարդացող երիտասարդների, ինչպես Փարիզում, Ժնեւում, Լոզանում:

Նա տեսածը համեմատել է 90-ականների նույն շրջանների հետ։

«90-ականներին այդ շրջանները սարսափելի, գարշահոտ, ասիական էին, իսկ այժմ այստեղ ամբողջովին քաղաքակրթություն է»,- ասել է Վրաստանի նախկին նախագահը:

Ընդ որում, ինչպես նշել է Սահակաշվիլին, այս բոլոր երիտասարդները առանձնապես երախտապարտ չեն Թուրքիայի նախագահին:

Նրա կարծիքով՝ սա մի փոքր ողբերգական է, սակայն «բոլորն ունեն վաղեմության ժամկետ։ Չի կարելի հավերժ կառավարել»։