«Պակիստանի միջազգային ավիաուղիներ»-ի մայիսի 22-ին Կարաչիի մոտ վթարի ենթարկված Airbus A320 ինքնաթիռի օդաչուները թռիչքի ընթացքում տարված են եղել կորոնավիրուսի մասին զրույցով: Այս մասին չորեքշաբթի օրը Պակիստանի խորհրդարանի ստորին պալատում ինքնաթիռի վթարի մասին զեկույցը ներկայացնելիս հայտարարել է Պակիստանի քաղաքացիական ավիացիայի նախարար Գուլամ Սարվար Խանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Ամբողջ թռիչքի ընթացքում օդաչուները քննարկել են կորոնավիրուսը»,- ասել է նախարարը: «Նրանք կենտրոնացած չեն եղել եւ խոսել են կորոնավիրուսի մասին, որից տուժել են իրենց ընտանիքները»: «Շատ ցավալի է, որ ինքնավստահությունն ու շեղված ուշադրությունը նման խոշոր միջադեպի պատճառ են դարձել»,- հավելել է Խանը` նշելով, որ ինքնաթիռի հրամանատարը շատ փորձառու օդաչու էր:

Ինչպես պատմել է քաղաքացիական ավիացիայի նախարարը, օդաչուներն ու դիսպետչերները թույլ են տվել մի շարք սխալներ: «Թռիչքուղուց 10 մղոն հեռավորությամբ ինքնաթիռը պետք է լինի 2500 ֆուտ բարձրության վրա, սակայն այն գտնվել է 7220 ֆուտի վրա»,- ասել է Խանը՝ նշելով, որ սա առաջին սխալն էր: «Դիսպետչերները երեք անգամ տեղեկացրել են օդաչուին, որ ինքնաթիռը չափազանց բարձր է թռչում, սակայն օդաչուն հրաժարվել է լսել՝ ասելով, որ ինքը կարող է կարգավորել դա»: «Մեկ այլ կարեւոր գործոն է եղել այն, որ թռիչքուղուց հինգ ծովային մղոն հեռավորությամբ օդաչուները փակել են անիվները, չնայած որ ավելի վաղ բացել էին դրանք»,- հավելել է նա։

«Վայրէջքի առաջին փորձից հետո երկու շարժիչներն էլ վնասվել են,- պատմել է Խանը,- Դիսպետչերները չեն տեղեկացրել օդաչուին, ոչ շարժիչներն այրվել են»։ «Ավիադիսպետչերները նույնպես մեղավոր են»,- հավելել է նախարարը։ «Եւ օդաչուները, եւ դիսպետչերները չեն պահպանել կարգը»,- ընդգծել է Խանը՝ հավելելով․ «Օդաչուն անտեսել է ավիադիսպետչերների ցուցումները, իսկ նրանք, իրենց հերթին, չեն հայտնել օդաչուին գետնին շարժիչների բախման մասին»: