ՄԱԿ Անվտանգության խորհրդում ընդգրկված եվրոպական երկրները հայտարարել են, որ Իսրայելի կողմից Հորդանան գետի Արեւմտյան ափի տարածքների անեքսիան հետեւանքների կհանգեցնի Թել Ավիվի հետ իրենց հարաբերություններում, իսկ բուն անեքսիան Եվրոպայի կողմից չի ճանաչվի, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Հայտարարությունն արել են ԱԽ գործող անդամները եւ եվրոպական այն երկրները, որոնք խորհրդի անդամ կդառնան 2021-ին։ Դրանց թվում են․ Գերմանիան, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Բելգիան, Էստոնիան, Իռլանդիան, Նորվեգիան։
Մայիսի վերջին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հրապարակել է, «դարի գործարքի» շրջանակներում, Հորդանան գետի Արեւմտյան ափի տարածքների մի մասի անեքսիայի ամսաթիվը։ Նրա խոսքերով, դա տեղի կունենա հուլիսի 1-ին եւ այդ ամսաթիվը փոխելու մտադրություն չկա։ Հետագայում ջրային պաշարների եւ բարձրագույն կրթության նախարար Զեեւ Էլկինը տեղական մամուլին տված իր հարցազրույցում հայտարարել է, որ անեքսիայի ամսաթիվը կարող է մի քանի օրով կամ շաբաթով տեղաշարժվել։





























