2008 թվականի մարտի 1-ի դեպքերը կարող են «աքիլեսյան գարշապար» լինել ցանկացած պետության, այդ թվում Հայաստանի համար: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Բոստանջյանը, համաձայնելով երկրորդ նախագահի հայտարարության հետ, որ այդ դեպքերի չբացահայտումը Հայաստանի ներկա իշխանություններին խոցելի է դարձնում:

Միաժամանակ, նա հավելել է, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հենց դրա համար էլ հրահանգել է ակտիվացնել մարտի 1-ի գործով բացահայտման գործընթացը:

Բոստանջյանը հավաստիացրել է, որ 2008-ի մարտի 1-ի գործը բացահայտելու Հայաստանի իշխանությունների ձգտումը, ինչպես նաեւ ընդդիմության հետ երկխոսության ծավալումը լիովին անկեղծ է: Նրա խոսքով, երկրի իշխանությունները անում են ամեն հնարավորը բնակչության սոցիալական մակարդակը բարձրացնելու համար: ԲՀԿ-ական պատգամավորը չհամաձայնեց Քոչարյանի այն տեսակետին, թե սոցիալական կենսամակարդակի նվազումը պայմանավորված չէ միջազգային տնտեսական ճգնաժամով: «Միջազգային ֆինանսական ճգնաժամը ազդել է անգամ ամենազարգացած երկրների տնտեսությունների վրա, եւ դա ես չեմ ասում»,- նկատել է Բոստանջյանը:

Նշենք, որ իր հարցազրույցում Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, մասնավորապես, ընդգծել է, որ 2008-ի մարտի 1-ի գործի չբացահայտումը խոցելի են դարձնում երկրի իշխանություններին: Նա ընդգծել է, որ իր իշխանության տարիներին բնակչության կենսամակարդակը ավելի բարձր էր, քան հիմա եւ անհիմն է համարել իշխանությունների արդարացումները, թե դա պայմանավորված է միջազգային ֆինանսական ճգնաժամով: Քոչարյանը նաեւ կասկած էր հայտնել, թե հնարավոր է իշխանությունների ու ընդդիմության երկխոսությունը անկեղծ չէ: