Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն առաջարկում է Եվրոպային վերականգնել իր երկրում ընտրություններից հետո ընդհատված երկխոսությունը:
«Եթե մեզ լսում են, խնդրեմ, մենք բաց ենք այդ երկխոսության համար: Եթե մեզ չեն ցանկանում լսել, մենք դա կընդունենք ի գիտություն»,- հայտարարել է Բելառուսի նախագահը Հաղթանակի օրվան նվիրված տոնակատարությունների ժամանակ:
Լուկաշենկոյի փոխհարաբերությունները Եվրոպայի հետ էլ ավելի են սրվել, երբ այս տարվա ապրիլին նա չհայտնվեց Կիեւում` Չեռնոբիլի 25-րդ տարելիցին նվիրված միջոցառմանը:
Մեկնաբանելով լրագրողների ենթադրությունը, թե Բելառուսի նախագահին չի ցանկացել տեսնել Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն, Լուկաշենկոն նրան անվանել է «այծ»: «Ինչ վերաբերում է նման այծերին, ինչպիսին Բարոզուն է եւ մյուսները... Ո՞վ է Բարոզուն: Կար ինչ-որ Բարոզու Պորտուգալիայում, բայց նրան վռնդեցին այնտեղից եւ նա տեղավորվեց Եվրահանձնաժողովում: Ես շատ քիչ եմ հետեւում, թե եվրաչինովնիկներից ով երբ ինչ արեց: Նրանք այտեղ հազարներով են»,- հայտարարել էր Լուկաշենկոն:
Հիշեցնենք, որ հունվարի 31-ին ԵՄ խորհուրդը հաստատել է Բելառուսի 158 պաշտոնյաների, զինվորականների եւ դատավորների ցուցակը, որոնց արգելվում է այցելել Շենգենի երկրներ: Այդ ցանկում է նաեւ Լուկաշենկոն իր որդիների հետ:



























