ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համերբերգի Հայաստանի վերաբերյալ զեկույցից հետո բոլորի, այդ թվում միջազգային կառույցների ու պետությունների համար պարզ է դառնում թե ինչ լարված վիճակում է Հայաստանը մարտի մեկի սպանդից հետո: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է Հայ ազգային կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնախմբի անդամ Վլադիմիր Կարապետյանը, մեկնաբանելով Համերբերգի զեկույցը:

«Հայտնի է, որ երկրի վերաբերյալ զեկույց կազմելուն պես եւ մինչեւ հրապարակելը այն ներկայացվում է իշխանություններին` հնարավոր վրիպակները, տեխնիկական սխալները ուղղելու, հնարավոր է նաեւ որոշ վիճելի ձեւակերպումների շուրջ ընդհանուր հայտարարի գալու նպատակով: Նման կերպ է վարվել մասնավորապես ԵԱՀԿ-ԺՀՄԻԳ-ը, երբ մեծ ուշացումով հրապարակեց Հայաստանում դատավարությունների վերաբերյալ իր զեկույցը: Հենց Հայաստանի իշխանությունների միջամտությունից հետո այն որոշ չափով մեղմացավ եւ առավել ընդունելի դարձավ իշխանությունների համար:

Այս անգամ այդ տարբերակը չի գործել այն պատճառով, որ Թ. Համերբերգը անընդունելի է համարել ՀՀ իշխանությունների մեկնաբանություններն ու առարկությունները եւ չի ցանկացել որեւէ փոփոխություններ անցկացնել իր զեկույցում:  Դրանով նա նաեւ անվստահություն է հայտնել ՀՀ իշխանություններին, իրենց դեսպան Դ. Հարությունյանին, որոնք արել են ամեն բան հնարավորինս մեղմելու այն կոշտ գնահատականները, որոնք առկա էին Հանձնակատարի զեկույցում:  Իսկ դրանք մահացու են այս ռեժիմի համար, որը երեք տարի շարունակ փորձում էր հասարակությանը ներկայացնել, թե իբրեւ քաղաքական ճգնաժամ չկա, լարվածություն չկա, ընտրություններն էլ անցել են առանց խնդիրների»:,- ասել է Կարապետյանը:

Նրա ներկայացմամբ, այս զեկույցից պարզ է դառնում, որ հենց իշխանությունն է կրում պատասխանատվություն մարտի 1-ի սպանությունները չբացահայտելու, համատարած հետապնդումների, մարդու իրավունքների բազմաթիվ խախտումների համար:

«Համերբերգը, մասնավորապես, մանրամասն անդրադարձել է քաղբանտարկյալների նկատմամբ խայտառակ դատավարություններին, որոնք անցել են բազմաթիվ խախտումնեերով եւ, փաստորեն, քաղաքական պատվերի կատարման շրջանակներում: Զեկույցից պարզ է դառնում, որ իսկապես իրականացվել է քաղաքական վենդետտա ընդդիմության ներկայացուցիչների նկատմամբ: Խոսելով Նիկոլ Փաշինյանի դատավարության մասին նա վկայակոչել է ՀՀ Գլխավոր դատախազի հաստատումը, որ Փաշինյանի դատավճռի հիմքում միայն իր ելույթն է /քանի որ նա բռնություն չի կատարել/, որը եւ հիմք է ծառայել «ապացուցելու, որ նա կազմակերպել է զանգվածային անկարգություններ»: Սրանով ի հայտ է գալիս դատավճռի շինծու բնույթը:

Մարդու իրավունքների հանձնակատարը «խնդրահարույց» է համարում նաեւ ՀՌԱՀ կողմից ընդունված մեթոդոոլգիան, որով նա գնահատել է հեռուստատեսային հաճախականությունների մրցույթները, նշելով, որ դա «ազդել է մրցույթի վստահելիության վրա»: Առհասարակ կարդալով այդ զեկույցը պարզապես ամաչում ես, որ ապրում ես նման` օրենքից դուրս գտնվող երկրում»,- ընդգծել է ընդդիմադիր գործիչը: