Օրաթերթն իր  խմբագրականում գրում է. «Մարտիմեկյան իրադարձությունների վերաբերյալ քաղաքական գնահատականը հստակ է. տեղի ունեցածի, մարդկային զոհերի համար պատասխանատու են թե´ իշխանությունները եւ թե´ ընդդիմությունը։ Եթե նրանք ժամանակին անսային հնչող երկխոսության կոչերին, զերծ մնային հասարակության ներսում թշնամական բորբոքումից, ոչ միայն ողբերգական հանգուցալուծումը չէր լինի, այլեւ երկիրը չէր հայտնվի երեքամյա անիմաստ տեղապտույտի մեջ։ Հիմա կա կոնկրետ ակնկալիք՝ բացահայտել եւ պատասխանատվության ենթարկել իրական մեղավորներին։ Նախկին նախագահն իր վերջին հարցազրույցով հաստատեց, որ այս խնդիրն առայսօր առկախ է։ Գործող նախագահն իրավապահներից հենց այդ հանգամանքների բացահայտումն է պահանջում։ Միջազգային կառույցները եւս սպասում են «ոստիկանության եւ անվտանգության ծառայությունների բարձրաստիճան պաշտոնյաների արձակած հրամանների համար կրած պատասխանատվության» խնդրի վերանայման եւ դրանով քաղաքական թունավոր մթնոլորտի չեզոքացման։

Սակայն «արմատական» ընդդիմությունը շարունակում է պատասխանատվության իր բաժինն ընդունելուց խուսափելու համար դատախազի կեցվածք ընդունած միայն իշխանության մեջ մեղավորներին մատնացույց անելու իր վարքագիծը։ Սա մեկ անգամ եւս ապացուցում է, որ նրանց նպատակը մարտի 1-ից հետո ստեղծված լարվածության ու թշնամանքի մթնոլորտի հաղթահարումը չէ»։