Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում մայիսի 10-ին շարունակվել է Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ «Հրապարակ» օրաթերթի գործով առաջին դատական նիստը:
Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչները ներկայացրել են իրենց պահանջները` պնդելով, որ փետրվարի 12-ին թերթում զետեղված «Քոչարյանին ոչնչացնում են, Ծառուկյանին` բացատրո՞ւմ» վերնագրով հոդվածում երկրորդ նախագահի պատիվն ու արժանապատվությունը արատավորվել է: Հետեւապես, Քոչարյանի ներկայացուցիչը պահանջում է հերքել այդ տեղեկությունները եւ որպես փոխհատուցուն վճարել 6 միլիոն դրամ. 3 միլիոնը` զրպարտության եւ վիրավորանքի համար, իսկ մյուս 3 միլիոնը` որպես «Ջի Փարթնըրս» փաստաբանական ընկերության ծախսերի փոխհատուցում:
«Հրապարակ»-ի ներկայացուցիչ, փաստաբան Արա Զոհրաբյանն ի պատասխան հայտարարել է, թե հայցվորը չի ներկայացրել որեւէ փաստաթուղթը, որով հաստատվում է, որ Ռոբերտ Քոչարյանը փաստաբանական ընկերությանն իր կատարած աշխատանքի դիմաց հենց 3 միլիոն դրամ է վճարել: Քոչարյանի ներկայացուցիչն ի պատասխան ասել է, թե նման փաստաթուղթ այս պահին չի կարող ներկայացնել, պատճառաբանելով, թե այն իր վստահորդի մոտ է:
Նա նաեւ միջնորդել է հետաձգել դատական նիստը` ժամանակ տրամադրել փաստաթուղթը ներկայացնելու համար: «Հրապարակի» ներկայացուցիչը դատական նիստի ավարտից հետո հայտարարել է, թե հայցը պետք է մերժվի, քանի որ հայցվոր կողմը «բաց է թողել համապատասխան վաղեմության ժամկետը»: Փաստաբանը նշել է, որ իրենք ունեն հայցը մերժելու հիմնավոր փաստարկներ, սակայն դրանք այսօր չեն հրապարակի:
Նշենք, որ «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի» տվյալներով, այս տարվա առաջին եռամսյակում արդեն 12 հայց է գրանցվել լրատվամիջոցների դեմ զրպարտության եւ վիրավորանքի հոդվածներով, որոնցով հայցվորները բարձր տուգանքներ են պահանջում լրատվամիջոցներից:





























