Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն այսօր` մայիսի 11-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչին եւ քննարկել համագործակցության վերաբերյալ մի շարք հարցեր:

Գլխավոր դատախազությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեսպան Մարի Յովանովիչը շնորհակալություն է հայտնել Աղվան Հովսեփյանին արդյունավետ համագործակցության համար եւ տեղեկացրել, որ շուտով հրաժեշտ է տալու Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնին:

Ա. Հովսեփյանը մաղթել է նոր հաջողություններ` նոր պաշտոն ստանձնելու կապակցությամբ:

Հանդիպմանը մասնակցել են ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա. Դանիելյանը, Հայաստանում ԱՄՆ դեսպանության մշտական իրավական հարցերով խորհրդատու Ս. Քեսսլերը, ՀՀ գլխավոր դատախազության և դեսպանատան աշխատակիցներ: