«Ժամանակ»-ը զրուցել է ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության նախագահ Դավիթ Հարությունյանի հետ: Ներկայացնում ենք մի հատված զրույցից:
Պարոն Հարությունյան, Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգը Մայիսի 9-ին հրապարակեց Մարտի 1-ի իրադարձությունների մասին երկար սպասված զեկույցը, որում մասնավորապես ասվում է, որ 2008թ.-ի մարտի 1-2-ին անվտանգության ծառայությունների կողմից ուժի գործադրումը անհամաչափ է, իսկ 10 զոհերի մահվան հանգամանքների բացահայտման ուղղությամբ կատարված քայլերը` անարդյունավետ: Ինչպե՞ս եք գնահատում Համարբերգի այս եզրակացությունը:
Չասենք անարդյունավետ: Ասենք, որ այս պահի դրությամբ արդյունք չկա: Իսկ պարոն Թոմաս Համարբերգի հորդորը, կարծում եմ, նույնն է կամ անգամ ավելի մեղմ, քան Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարականը դատաիրավական համակարգի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ: Հիշեցնեմ, որ նա անդրադարձավ 2008թ. Մարտի 1-ի դեպքերի առիթով հարուցված քրեական գործի ընթացքին` ակնկալելով նոր թափ եւ ընդգծված ակտիվացում նշված դեպքերի բացահայտման հարցում: Ընդգծելով, որ հարցի նշանակությունը չափազանց մեծ է թե՛ մեր պետության, թե՛ մեր հասարակության, թե՛ տարբեր շահարկումներից խուսափելու համար: Ավելին` անձնապես իր համար սա շատ կարեւոր հարց է: Հետեւաբար` առաջարկեց այդ դեպքերի բացահայտման նոր ուղիներ գտնել: Ինչ վերաբերում է զեկույցին` կան, իհարկե, վիճելի կետեր, որոնց հետ ես չէի համաձայնի, կան կետեր, որոնց հետ կհամաձայնեի:
Եթե կարելի է մասնավորեցրեք, թե կոնկրետ ո՞ր կետերի մասին է խոսքը:
Համարբերգը, քանի որ բազմաթիվ կետերի է անդրադարձել, հետեւաբար բոլոր կետերի մասին խոսելն անիմաստ է: Բայց ընդամենը մեկ օրինակ բերեմ: Օրինակ` նա նշում է, որ ընդդեմ զանգվածային լրատվամիջոցների, հատկապես ընդդեմ թերթերի դատարանները կիրառում են տուգանքի ամենամեծ սահմանը: Ինքնին դա ոչինչ չի նշանակում, որովհետեւ, եթե ասենք` Հայաստանում տուգանքի ամենամեծ սահմանը շատ ավելի ցածր է, քան պետք է լիներ, օրինակ, եվրոպական որեւէ երկրներից մեկում` անգամ հաշվի առնելով կյանքի տարբեր մակարդակները:
Այսպիսով, ենթադրենք շատ ցածր է, եւ այդ պարագայում շատ բանական է, որ դատարանները նշանակում են առավելագույնը: Դա ինքնին ոչինչ չի նշանակում, եւ կարծում եմ` դրա հիման վրա եզրահանգումներ անելը ճիշտ չէ: Այնպես որ, կան կետեր, որոնց վերաբերյալ ես կվիճեի: Կան կետեր, որոնց վերաբերյալ ես կհամաձայնեմ: Ավելին` ես համարում եմ, որ մենք այդ ուղղությամբ աշխատանքներ կատարում ենք:




























