«Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանն ահաբեկված է, քանի որ գիտակցում է, որ մարտի մեկի պատասխանատուն ինքն է եւ մեսիջներ է ուղարկում գործող նախագահ Սերժ Սարգսյանին»: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀԱԿ անդամ ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը: «Քոչարյանը կիրառել է ոչ համարժեք գործողություններ, խախտել է Սահմանադրությունը, մտցրել է երկրում արտակարգ դրություն, որի իրավունքը չուներ:

Նա երկար ժամանակ փորձում էր իր մեղքերը բարդել ընդդիմության վրա. խանութների թալանը, ջարդերը եւ այլն: Սակայն ամեն ինչ շատ տեսանելի է, բացահայտված է, եւ Սերժ Սարգսյանի պատրաստակամությունը երկխոսելու եւ մարտի մեկի դեպքերի բացահայտումը ստիպեց Քոչարյանին զգուշացնել երրորդ նախագահին, որ նա միայնակ չի նավի վրա եւ հետեւապես միայնակ չի խորտակվի»,-հայտարարեց Լյուդմիլա Սարգսյանը:

Ինչ վերաբերում է մարտի 1-ի դեպքերի ժամանակ Սերժ Սարսգյանի ունեցած մասնակցությանը, ՍԴՀԿ ատենապետն ասաց, որ վերջինիս մասնակցության հետ կապված ամեն բան պարզ կլինի մարտի 1-ի գործի արդար քննության դեպքում: Ըստ նրա` պատասխանատվության պետք է ենթարկվեն այդ գործում մասնակցություն ունեցած բոլոր պաշտոնյաները` ոստիկանապետ, Պնախարար եւ այլք`յուրաքանչյուրն իր գործածի չափով:

Նա միաժամանակ հավելեց, որ չի հավատում մարտի 1-ը բացահայտելու ուղղությամբ Սերժ Սարգսյանի անկեղծությանը, սակայն ի գիտություն է ընդունում այդ մասին նրա հայտարարությունը: Մարտի 1-ն, ըստ ՀԱԿ ներկայացուցչի, կաբացահայտվի միայն իշխանափոխությունից եւ ՀՀ-ում լեգիտիմ իշխանություն ձեւավորելուց հետո: